Այսօր դպրոցն ավարտեցին շուրջ 40 000 շրջանավարտներ

«ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական պարապմունքներն այս տարի ավարտվեցին մայիսի 25-ին: Ինչպես այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցները ավարտեցին շուրջ 40 հազար շրջանավարտներ:
 

Շրջանավարտների ավարտական և միասնական քննություններ կմեկնարկեն հունիսի 1-ից։ Նարինեի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ միասնական քննություն կհանձնեն այն շրջանավարտները, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու ցանկություն են հայտնել:

 

Անդրադառնալով «Վերջին զանգի» միջոցառման հետ կապված դպրոցներում ակտիվացող ապօրինի դրամահավաքի խնդրին, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշել է, որ նախորդ տարիների համեմտությամբ ահազանգերը նվազել են, ինչին նպաստել է ՀՀ ԿԳ նախարարի դպրոցների տնօրեններին ուղարկված շրջաբերականը:

«Այս տարվա զանգերի ուսումնասիրությունը փաստել է, որ այդ գումարները հիմնականում հավաքվել են խնջույքների համար։ Նախարարի կողմից շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին, որպեսզի դպրոցական վերջին զանգից հետո սահմանափակվեն խնջույքները. մեքենա վարելու դեպքերը»,- նշել է հանրակրթութհյան վարչության պետը:

Ն.Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր դպրոցների տնօրենները զգուշացված են՝ «Վերջին զանգի» օրը կարգուկանոն ապահովելու նպատակով, ինչպես միշտ հսկողություն կսահմանի նաև ոստիկանությունը: Համացանցում տեղ գտած աշակերտների ծեծկռտուքի տեսանյութին վերաբերող լրագրողի հարցին՝ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ երևույթը խիստ մտահոգիչ է և միաժամանակ ավելացրել. «400 հազար աշակերտների մեջ այդ մեկ կամ երկու նման դեպքեր կարող են լինել: Իհարկե խիստ քննադատում եմ, բայց գտնում եմ, որ դա մեր բոլորի գործն է և ճիշտ չէ միայն դպրոցի տնօրինությանը, դասղեկին մեղադրել: Երեխաների դաստիարակության հարցում մեծ է ծնողների դերը, բնականաբար այս հարցում անելիքներ ունեն նաև դպրոցի մանկավարժները: Երեխաների մեջ ագրեսիա կա և դրա դեմ միայն դպրոցը չի կարող պայքարել: Դպրոց–ծնող կապը պետք է ամրապնդվի, այս գործում մեծ դեր ունի նաև հասարակությունը»,- նշել է Ն. Հովհաննիսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների այլ հարցերին, որոնք վերաբերել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքներին, հեռուստահաղորդումների դաստիարակչական գործառույթին և այլն».-հաղորդում է edu.am կայքը:

© Medialab.am