Անի Սամսոնյանը դիմել է պարետին

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին՝ նրա ուշադրությունը հրավրելով հեռուստատեսային տաղավարներում դիմակ կրելու խնդրին։

«Համաձայն ՀՀ պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:

Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների», -գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: