«Վարչապետը մի փոքր ռոմանտիկ է, երբ մտածում էր, թե դատավորներն ինքնամաքրվելու են». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախօրեին հայտարարեց, որ բոլոր դատավորներն անխտիր պետք է վեթինգի ենթարկվեն։ Բացի այդ, ԱԺ-ում երկու ժամանակավոր հանձնաժողովներ կձևավորվեն՝ մեկը քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու, մյուսը՝ վեթինգի ինստիտուտը մշակելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը, որքանո՞վ արդյունավետ կարող են դրանք լինել, և արդյոք դատական համակարգում վերջին իրադարձությունները ցույց չտվեցին, որ իշխանությունն ուշացել է։

– Այդ ուշացնելը մենք տեսանք, թե ինչ ապօրինությունների բերեց նույն Ռոբերտ Քոչարյանի գործով, որի քննությունը շատ կարևոր է ոչ միայն իշխանության, կառավարության, այլև ընդհանրապես մեր հանրության համար։ Մենք տեսանք, որ դատարանը նախ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, հետո շատ կոպիտ խախտումներով գործը կարճվեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան։ Բայց, ամեն դեպքում, լավ է ուշ, քան ավելի ուշ։

Ես շատ բարձր եմ գնահատում այդ կամքը, որ վարչապետը հայտարարեց կտրուկ և վճռական փոփոխությունների մասին։ Հիմա, կարծում եմ՝ պետք է հետևողականությամբ և ուշադրությամբ կատարել վարչապետի հայտարարությունը դատավորների մասին, վեթինգի մասին։ Դա շատ կարևոր է։ Ես կարծում եմ, որ հանձնաժողովների ձևավորումը և այդ աշխատանքները սկսելը պետք է շատ թափանցիկ ու հաշվետու լինեն հանրության առջև։

Վեթինգը պետք է տեղի ունենա և պետք է տեղի ունենա թափանցիկ, որովհետև այսպես ապրել այլևս հնարավոր չէ։ Դուք տեսաք, որ վարչապետի հայտարարությունից հետո, որ դատարանների դռները փակվելու են, ինչպիսի հայտարարություններ եղան։ Ասվում էր, թե դա միջամտություն է անկախ դատական համակարգին, բայց մենք անկախ դատական համակարգ չենք տեսել։ Անկախ դատարանների մասին այդ հայտարարությունները ես ամբողջությամբ կեղծիք եմ համարում։ Իսկ դատարաններ փակելը բողոքի ակցիայի ձև էր, որն ընտրել էր վարչապետը։ Ես դա նորմալ եմ համարում, իսկ նրա հայտարարությունը խիստ իրավաչափ ու նորմալ էր։

– Դատարանը որոշեց «Մարտի 1»-ի գործը կասեցնել և ուղարկել Սահմանադրական դատարան։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք այդ գործի բացահայտում չենք ունենա, քանի դեռ չունենք առողջացած դատական համակարգ։

– Այո՛, այս ամենը ցույց է տալիս, որ մենք պետք է դատական համակարգը գլխիվայր շուռ տանք, փոխենք։ Մենք տեսանք դատավարության առաջին 4 օրերը, որը դեռ բուն դատավարությունը չէր, այլ Քոչարյանի կալանքի փոփոխության հարցն էր դրված։ Մենք տեսանք, թե ինչ կրքեր էին, ինչ խմբեր էին հայտնվել, ինչ ագրեսիա էր տիրում, հանրությունից անջատված ագրեսիվ մի մասսա, որն ամեն գնով սատարում էր Քոչարյանին։

Մենք պետք է հասնենք նրան, որ, ի վերջո, օրենքի առջև բոլորը հավասար լինեն։ Որ ոչ միայն Քոչարյանի գործը հայտնվի ուշադրության կենտրոնում, այլև բոլորի դեպքում գործի օրենքը։ Մարդը պետք է հանգիստ ապրի, որ ունի դատական համակարգ, որն օբյեկտիվ քննելու է գործերը։

Օրինակ՝ ես երեկ մեկուսարանում այցելել եմ մի մարդու, որը 38 օր հացադուլի մեջ էր, և երբ ես նրան պատմեցի վարչապետի վճռական հայտարարության մասին, նա դուրս եկավ հացադուլից։ Նա հավատաց, որ վարչապետը կփոխի դատական համակարգում իրավիճակը, և մարդը ոչ թե հացադուլների դիմի, այլ օրինական ճանապարհներով կհասնի արդարության։ Ես հավատում եմ, որ կգա այդ օրը։ Մենք բոլորս պետք է մասնակցենք դրան, ով ինչով կարող է։

– Իսկ հրաժարականներ չպե՞տք է լինեին՝ սկսած ԲԴԽ ու ՍԴ ղեկավարներից։

– Այո՛, պետք է լինեին։ Ես կարծում եմ, որ մի փոքր ռոմանտիկ է վարչապետը, երբ մտածում էր, թե դատավորներն ինքնամաքրվելու են, և հիմա էլ շարունակում է ասել, որ պետք է հրաժարական տան։ Ես չեմ հավատում, որ որևէ մեկը հրաժարական է տալու՝ Գագիկ Հարությունյանից սկսած։

Նա այնքան կառչած է այդ պաշտոնից։ Նորանշանակ արդարադատության նախարարն էլ շատ դրական խոսեց Գագիկ Հարությունյանի մասին, երբ նոր էր նշանակվել։ Սերժ Սարգսյանի հավաքած այդ խումբը, որ կոչվում է Բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ բոլորը մեծ պայքարով են անցել և հասել են այդտեղ Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալուց հետո։ Օրինակ՝ Բեկթաշյանը, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավորն էր, և մինչև հիմա էլ այդ գործով Արթուր Վարդանյանին ծանր առողջական վիճակով պահում են կալանքի տակ։ Չեմ կարծում, որ դատավորները հրաժարական կտան։ Եթե հրաժարական տան, դրանով կընդունեն, որ իրենք վատ դատավոր են եղել։ Որևէ մեկն այդպիսի խոստովանության չի գնա։

– Կարծում եք՝ քառօրյա պատերազմի մեղավորները կբացահայտվե՞ն։

– Ես կարծում եմ, որ, իրոք, այդտեղ շատ բան կա պարզելու, և վարչապետի այդ հայտարարությունը քառօրյա պատերազմի բացահայտումների մասին շատ տեղին էր։ Մենք բոլորս տեսնում էինք, պատառիկներ ստացանք, թե ինչ է կատարվել։ Դա սովորական պատմություն չէ, շատ մեծ ողբերգությունով զուգորդված պատերազմ էր, երբ այդ երիտասարդ տղաներն անպաշտպան են եղել և զոհվել են՝ հերոսություն գործելով։ Սա աննախադեպ հերոսական պատում է։ Կարծում եմ՝ վարչապետը կգնա բացահայտման։

Մանե Հարությունյան

MediaLab.am