Հայ ժողովուրդը հաղթելու է միշտ, քանի հավատում է ազգային իր մեծ նպատակներին ու առաքելությանը. «Ժառանգություն»

Մայիսի 9 է, հայոց բազկի ուժով իրականություն դարձած հաղթանակների ու դրանցով պայմանավորված խաղաղության փառապանծ եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեր մեծ ավանդի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Պետական այս մեծ տոնի առթիվ «Ժառանգությունը» շնորհավորում է միավորվածողջ հայ ժողովրդին՝ մաղթելով իմաստություն և տոկունություն ճիշտ գնահատելու անցյալի ու ներկայի մարտահրավերները, հանուն գալիք նոր հաղթանակների: Բարդ օրերում ենք նշում այս տոնը, համավարակի մեկուսացման բեռի ներքո, բայց բոլորիս սրտերում  տոնական լույսն է և հիշողությունը մեր հաղթանակների, խորին խոնարհումը հերոսներին ու նրանց ժառանգներին, որոնք անմար են պահում հայրենիքի անվտանգության և խաղաղության անմար կրակը:

«Ժառանգությունը» վստահ է, որ մեզ միավորողն ու հզորացնողը մայիսյան հերոսամարտերում ամրացած կամքն է՝ տերը լինելու ինքնիշխան ու ապահով, բարենորոգ կյանքը վստահաբար կերտող պետության: Այդ կամքն է մեզ հեռու պահում օտար խաղերից, ներքին միասնականությունը ջլատող սադրիչ ազդեցություններից: Հայ ժողովուրդը հաղթել է և հաղթելու է միշտ, քանի հավատում է ազգային մեծ իր նպատակներին ու առաքելությանը: Հավաքական ուժերով ամրացնելու ենք հայոց պետականության ժողովրդավարական անկասելի առաջընթացը՝ Արցախի հետ, Սփյուռքին ձեռք ձեռքի, ուս ուսի տված:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն