Մեկ տարեկան Միքայելը լյարդի փոխպատվաստման է ենթարկվել

Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել եւ հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը`  նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական եւ հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» եւ արտասահմանցի գործընկերների  սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին եւ Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության եւ բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար: «Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգեւելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», ասում է պրոֆեսորը:

Այս մասին տեղեկացնում են Արաբկիր ԲԿ-ից: