Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը բախվել է բեռնատարին. կա զոհ

Մայիսի 14-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 1966 թ.) մակնիշի բեռնատարը․ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Հակոբ Թ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: