Ռուսաստանի շուկան այսօր փրկում է արտահանողներին. Էմիլ Ստեփանյանը՝ արտարժույթի փոխարժեքի տատանման հետեւանքների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, արտահանման ոլորտում ի՞նչ վիճակ է։ Արտարժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված խնդիրների մասով ի՞նչ լուծում են առաջարկել պատկան մարմինները, որոնց դիմել էիք մոտավորապես մեկ ամիս առաջ։

– Գործնականում ոչինչ չի փոխվել, այսինքն՝ բիզնեսը վերջնական ոչ մի առաջարկ դեռ չի ստացել, մեծ հաշվով, այսօրվա դրությամբ ոչ էլ լուծվել է լաստանավային փոխադրման հարցը, բայց ինչ-որ բաներ Կառավարությունը, ամեն դեպքում, ուզում է առաջարկել, ինչ-որ բաներ մշակման փուլում են, բայց ե՞րբ կառաջարկի, ու որքանո՞վ դա կօգնի՝ հարցական է, պետք է սպասենք, տեսնենք։ Լաստանավի մասով էլ ասվում է, որ օգոստոսին պետք է պատրաստ լինի։

– Հստակ օր ասե՞լ են։

– Չէ՛, հստակ օր չեն ասել, մոտակա օրեր են ասել, բայց, դե, արդեն օգոստոսի 8-ն է, դեռ ոչինչ չկա։

– Այսինքն՝ մեկ ամիս առաջ եղած վիճակը հիմա ևս պահպանվո՞ւմ է։

– Այո, այո, դեռ մի բան էլ ավելի է վատանում վիճակը, որովհետև դոլարը կամաց-կամաց շարունակում է արժեզրկվել, մոտ 5 դրամ էլ իջել է տասը օրվա մեջ։

– Պարո՛ն Ստեփանյան, այս ընթացքում ոլորտի կրած վնասները կարո՞ղ եք ասել։

– Վերջին երեք ամսվա մեջ, բացի Ռուսաստանից, ոլորտի համար բոլոր ուղղությունները վնասակար են, որոնց այսօր սնում է Ռուսաստանում ստացած շահույթը։ Գաղտնիք չէ, որ մեզ համար արտահանման առաջին ու հիմնական շուկան ռուսականն է։ 

Ունենք այլ երկրներ եվրոյով, դոլարով արտահանում, որը կա, բայց քիչ է։ Շուկա չկորցնելու համար այսօր վնասով արտահանում են, ապրանքի գինն են մի քիչ բարձրացրել, բայց հնարավոր չէ 25%-ով գին բարձրացնել, օրինակ՝ Եվրամիությունում անհնար է՝ այդքան բարձրացնեն ու մնան մրցունակ։ 

Այսօր ռուսական ուղղությունը ծածկում է Եվրոպայում ստացած վնասները, մինչև  իրավիճակ փոխվի, բայց եթե վաղը ռուբլին արժեզրկվի, ինչպես եղավ մարտին, երբ ռուբլին երկու անգամ արժեզրկվեց դոլարի համեմատ, այդ ժամանակ շատ խիստ տուժեց ընդհանուր արտահանումը, ուղղակի բախտի բերմամբ՝ ռուբլու փոխարժեքի նվազումը երկար չտևեց, եթե երկար տևեր՝ ոլորտի համար մահացու կլիներ։ 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ոլորտն այդքան շատ չի տուժել միայն ռուսական ուղղության շնորհիվ։

– Եթե կա արտահանող, որը չի օգտվում ռուսական շուկայից, օրինակ՝ արտահանում է միայն ԱՄՆ կամ միայն Եվրոպա, ապա դժվար թե կարողանար գոյատևել։ Արտադրողների մեծ մասն ունի տեղական շուկա ու մի քանի արտահանման շուկա, որպես կանոն՝ այդ արտահանման շուկաների մեծ մասը ռուսականն է, բայց կան արտադրողներ, որոնք տեղական շուկա ընդհանրապես չունեն, ռուսականն էլ քիչ է, ա՛յ իրենց հարցը շատ լուրջ է։ 

Այլ կերպ ասած՝ այո՛, Ռուսաստանի շուկան այսօր փրկում է արտահանողներին։ Եթե աշնան կողմ ռուսական ռուբլին կրկին արժեզրկվի, իսկ եվրոն ու դոլարը ևս մնան այսօրվա փոխարժեքին, այդ ժամանակ իրավիճակը շատ ծանր կլինի։

– Իսկ այս իրավիճակն ինչպե՞ս է ազդելու կամ ազդել արդեն մեր տնտեսության ու սովորական քաղաքացիների վրա։

– Սա դեռևս ավելի շատ դրական է ազդում սովորական քաղաքացիների վրա, որովհետև գնաճն է ցածր։ Մեր այս վիճակից շահում են բոլորը, բայց սա կարող է երկար չտևել, ու մի օր պայթել, երբ երկրում արտադրությունը թուլանա։ Դրա համար էլ Հայաստանում կարևոր օղակներին՝ արտահանում, արդյունաբերության ճյուղեր, պետք է օժանդակել, դրա համար էլ մենք կոչ ենք անում թիրախային օժանդակության ծրագրեր մտածել։

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ այն առաջարկները, որոնք գործադիրը դեռ մշակում է, հնարավո՞ր է ուշացած լինեն։

– Ուշացած կարող է չլինեն միայն նրա համար, որ այսօր Ռուսաստանի շուկան օգնում է, որ վնասով աշխատող ուղղությունները սուբսիդավորվեն։ 

– Իսկ մշակվող առաջարկություններում ձեր, ոլորտի այլ ներկայացուցիչների մասնակցությունը եղե՞լ է, գործադիրի հետ քննարկում ունեցե՞լ եք այդ ուղղությամբ։

– Ֆոկուս խմբերը հավաքվում են, շփվում, առանց բիզնեսի մասնակցության չի արվում, տեսնենք՝ ինչ առաջարկություն կանեն, հնարավոր է, որ վերջում ոչ մի բան էլ չառաջարկեն։

– Իսկ լաստանավի գործարկումն ի՞նչ օգուտ կբերի արտահանողներին։

– Նայած՝ ով է օգտվելու, որովհետև լաստանավը ամեն մեկի համար չէ։ Բեռի որոշակի ծավալ ու ժամկետ կա, ենթադրում եմ, որ իրենք ամեն ինչ հաշվարկել են։ Ամբողջական ինֆորմացիայից հետո նոր կհասկանանք, թե այդ լաստանավի բերած օգուտը ինչպիսին կլինի՝ մարդիկ կգերադասե՞ն Լարսում մնալ 10 օր, թե՞ լաստանավից օգտվեն, բնականաբար, վերջինն ավելի թանկ է լինելու։ 

– Պարո՛ն Ստեփանյան, նկատի ունենալով առկա խնդիրները՝ կարո՞ղ ենք ասել, որ արտահանման ծավալներն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։

– Չէ, չէ՛, մի բան էլ արտահանման ծավալներն աճել են, բայց պետք է հասկանալ, որ արտահանողները, եթե հասնում են ռուսական շուկան, վնասով են վաճառում։ Մենք տեսնում ենք միայն արտահանման աճի տեմպերը, բայց դրա խորքը՝ վնա՞ս է, թե՞ օգուտ, անտեսում ենք։ Ռուսաստանի ուղղությունը, միանշանակ, օգուտ է, ու մեր բախտն էլ դրանով բերում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am