Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ: Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 31.7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: Աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը սուբսիդավորվել է ամբողջությամբ, այսինքն վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն            ՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Փաշինյանը նկատեց, որ բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:

«Քանի որ ճգնաժամային իրավիճակ ունեինք, և բանկերն ավելի մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորվելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 մլրդ տրամադրել ենք բանկերին, որ նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին: Բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն կառավարությանը»,- ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսավարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրում այն ընկերություններին, որոնք նախորդող ժամանակաշրջանում չեն ունեցել ժամկետնանց հարկային և վարկային պարտավորություններ, այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ, ճշգրտորեն կատարել են իրենց պարտավորությունները: «Եվ մենք սրանով գնահատանքի տուրք ենք մատուցում այդ ընկերություններին»,- ասաց վարչապետը: