«Ազատություն».«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի

«Ազատություն».«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի
«Ազատություն».«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու:

Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2 ձերբակալվածները նույնպես ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցներ են։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ձերբակալվել են ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող։

Նշենք, որ այսօր խորհրդարան էր եկել պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով հրաժարվեց անդրադառնալ «Հարսնաքար»-ի միջադեպին՝ նշելով որ նախաքննություն է ընթանում եւ ինքը կխոսի միայն դրա ավարտից հետո։

Հիշեցնենք, հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ դաժան ծեծի են ենթարկվել: Նրանցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան երկու անգամ վիրահատել են` փորձելով կանխել ուղեղի այտուցումը: