«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:

Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը:

Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով:

Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: