Գերմանիայի ԱԳՆ-ն Արցախի Հանրապետության վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի արել

Տեղեկատվության ստուգման կենտրոն: Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հայտարարություն է տարածվել, որն աչքի է ընկնում ոչ հայանպաստ ձևակերպումներով:


Պատգամավորի խոսքերով՝ Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել՝ «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

Հայտնում ենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարաության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չի տարածվել։

Խոսքն այստեղ գնում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում ճամփորդական խորհուրդների մասին, որտեղ նմանօրինակ խորհրդատվություններ առկա են եղել տարիներ, նույնիսկ՝ տասնամյակներ շարունակ։

Վերջին թարմացումը կատարվել է 2020 թվականի մայիսի 26-ին։ Այն վերաբերում է COVID-19-ի հետևանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը և առկա սահմանափակումներին։

2017թ. նոյեմբերի 23-ից մինչև 2020թ. մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում տվյալ տեղեկատվությունը թարմացվել է 97 անգամ: Գերմանիայի արտգործնախաարրության պաշտոնական կայքում առկա արխիվային տեղեկատվություններում կարող եք տեսնել, որ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակված հայտարարությունն ամենևին էլ նոր չէ՝ 2017թ. նոյեմբերի 23, 2017թ. դեկտեմբերի 24, 2018թ. մարտի 27։

Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ դեռևս 2017թ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ արտաքին գործերի նախարարությունում երկարատև բանակցությունների արդյունքում ԱԳՆ պաշտոնական կայքից հանվել էր ոչ հայանպաստ ձևակերպում՝ «ադրբեջանական օկուպացված տարածքներ»-ը փոխարինելով կոմպրոմիսային «Լեռնային Ղարաբաղ կամ հայկական զինուժի կողմից գրավված հարակից շրջաններ» արտահայտությամբ: Ընդ որում, նշվում է «հայկական զինուժ», այլ ոչ «Հայաստանի Հանրապետության» (ինչպես նախկինում էր):