Սամվել Բալասանյանը զգուշացնում է Վարդան Ղուկասյանին

Գյումրիի քաղաքապետի ապագա թեկնածու Սամվել Բալասանյանը, ում առաջադրելու որոշման մասին հայտարարել է ԲՀԿ-ն եւ ինչին կարծես թե հավանություն է տվել նաեւ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու ագրեսիվ գործողությունների մասին տեղեկություններին, ասել է. «Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք գիտեմ, որ ուզում են լարվածություն ստեղծել: Դե, մեր ականջին շատ բան է կպնում. ես զգուշացնում եմ ուղղակի, որ հեռու մնան, քաղաքակիրթ մրցակցության գնալու ակնկալիքով եմ ես գնում իմ թեկնածությունը առաջադրելու»:

Սամվել Բալասանյանն այդ խոսքերն ասել է Ազատություն ռադիոկայանի հարցերին պատասխանելիս:

Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիից տեղեկություններ են ստացվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու ագրեսիվ գործողությունների, ընդհուպ կրակոցների մասին, որոնք ծավալվում են այն բանից հետո, երբ նրա հայրը հրաժարական տվեց ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից՝ ինչն էլ իր հերթին գնահատվում է որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնը թողնելու նախերգանք:

Եվ ահա Գյումրիից ստացվող այդ տեղեկությունների ֆոնին Սամվել Բալասանյանն առաջին անգամ արձագանքում է, ընդ որում կարծես թե բավական կոշտ: Նա ըստ ամենայնի զգուշացնում է Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա իր որդու միջոցով լարվածություն չստեղծի Գյումրիում:Կարդալ ավելին