Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել. Factor.am

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել․ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել։ Նա Մարմաշեն խոշորացված համայնքում ընդգրկված Վահրամաբերդ գյուղի բնակիչ է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 18։30-19։00 սահմաններում։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ «Մարմաշենն ու Վահրամաբերդը հարակից գյուղեր են, մոտ 2 կմ է հեռավորությունը։ Նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, դեռ չենք էլ վերջացրել։ Ֆուտբոլի դաշտում, երևի, թիմերի են բաժանվել՝ Վահրամաբերդ ու Մարմաշեն, ֆուտբոլ են խաղացել։

Տեսել են, որ վատ է զգացել, վազել օգնել են, ջուր բան են բերել, տեսել են՝ էլ չի շնչում։ Նստացրել են մեքենան, տեղափոխել հիվանդանոց, այնտեղ արդեն արձանագրել են, որ մահացել է»,- ասաց Կարեն Արշակյանը։

Երիտասարդի մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, նախնական տվյալներով՝ մարմնին հարվածի հետքեր չեն եղել։ «Այսօր առավոտ ժամը 5-ի դրությամբ, դատաբժշկի նախնական տվյալներով, հարվածի ինչ-որ ծանր հետքեր, կապտուկներ չկան, թևի վրա մի փոքր քերծվածք է եղել, բայց դա հնարավոր չի, որ մահվան պատճառ լիներ։ Դիահերձումը կավարտվի, եզրակացությունը կտան»,- ասաց համայնքնի ղեկավարը։

Մանրամասները՝ այստեղ