ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:
«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են: Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում»,-ասաց Դավթյանը:
Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Նա հույս հայտնեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, կստանան դատական ակտը, կծանոթնան դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության գործընկերների հետ, այսինքն՝ կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկեն հետագա անելիքները:
Անդրադառնալով Ջուլհակյանի հարցին, թե դատախազը չի՞ բացառում, որ այդ որոշումը բողոքարկվի՝ Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»: