Նիկոլ Փաշինյանը սխալվում է․ Շուշիի խնջույքը Արցախի պարետի որոշման խախտում է. Fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որտեղ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն ավտոբուսում չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,- լուսանկարին կից՝ գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը կոչով դիմեց օգտատերերին՝ խնդրելով մարդկանց կուտակումների մասին լուսանկարներ ուղարկել ֆեյսբուքյան իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Սիրելի հայրենակիցներ. Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 2. Juni 2020

Վարչապետի կոչին արձագանքեցին բազմաթիվ օգտատերեր, որոնց մի մասը ուղարկում էր նաև մայիսի 21-ին Շուշի քաղաքում տեղի ունեցած Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքի նկարը, որում ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաները, խմբված սեղանի շուրջ, նշում են այդ իրադարձությունը։

Մայիսի 3-ի առավոտյան արդեն վարչապետն իր «Մեղավորների փնտրտուք» անվանումով ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այդ լուսանկարին, հայտարարեց․ «Մեկ էլ էտ Արցախի նախագահի ինաուգուրացիան են անընդհատ պտտում, պտտում, պտտում։ Էտ ինաուգուրացիան տեղի ա ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Իրավական կարգավորումների շրջանակում․․․ Արցախում՝ Շուշիում, ոչ մի օրենք չի խախտվել։ Ընդեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսի իրավական կարգավորումներ են գործում Արցախում, և արդյո՞ք այդ խնջույքը օրենքի խախտում չէր։

Արցախի Հանրապետությունում ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարվեց։ Արցախի պարետի ապրիլի 13-ի N-2 որոշման 2-րդ կետով արգելվեց 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հանրային (այդ թվում՝ տոնական) միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը։

Շուշիում ՀՀ և ԱՀ պաշտոնյաների խնջույքի լուսանկարներում, որոնք ի սկզբանե տարածել էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հստակ տեսանելի էր, որ դրան մասնակցում էին հարյուրից ավելի անձինք։ 

Հայտնի լուսանկարի տարածումից հետո Արցախի պարետատունը, անդրադառնալով օրենքի խախտման վերաբերյալ պնդումներին, տարածեց պարզաբանում՝ հայտնելով, որ երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքի ընթացքում չի խախտվել պարետի թիվ 2 որոշումը, քանի որ, ըստ պարետատան, «նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել»։

Մինչդեռ Արցախի Սահմանադրության 91-րդ հոդվածում նշվում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում են օրենքով սահ­ման­ված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրա­վիր­ված հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ […]։ 

Փաստացի, պարզաբանման մեջ Արցախի պարետատունը հղում է անում նախագահի պաշտոնամուտի արարողությանը, մինչդեռ լուսանկարն արվել է ոչ թե նախագահի երդմնակալության ժամանակ, այլ դրան հաջորդած խնջույքի ընթացքում, ինչը Սահմանադրության պահանջ չէ և հետևաբար՝ պարտադիր կատարման ենթակա միջոցառում չէ:

Այսպիսով՝ փաստենք, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը հաջորդած խնջույքն անցկացվել էր Արցախի Հանրապետության պարետի որոշման խախտմամբ, և Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե այդ միջոցառումն իրականացվել է իրավական կարգավորումների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

Fip.am