Մայրաքաղաքից կիսակառույցները չվերացնելու դեպքում դրանք կճանաչվեն գերակա շահ ու կտրվեն այլ սեփականատերերի (Տեսանյութ)

Այսօր քաղաքապետարանի մամուլի սրահում, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին լրագրողներն ուղղակի հարցախեղդ արեցին: Գլխավոր ճարտարապետը խոսելու էր մայրաքաղաքում առկա կիսակառույցների ճակատագրի մասին, որոնք արդեն քանի տարի է՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարում են, էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, փոշու ու կեղտի բուն են: Սակայն պարոն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, Համազգային թատրոնի նոր շենքին կամ թե ինչու Վենետիկի Բիենալեին Հայաստանի ճարտարապետները չմասնակցեցին, կառավարության շենքի գմբեթի լինել-չլինելու, մետրոյի հրապարակի կայարանի վերգետնյա հատվածում հյուրանոց կառուցելու, Փակ շուկայի ու կրկեսի հարցերի մասին:

Կիսակառույցների հարցի լուծումը, Նարեկ Սարգսյանի խոսքերով, քաղաքապետարանը գտել է. սեփականատերերը հրավիրվել են քաղաքապետարան եւ զգուշացվել, որ նրանց հետ նոր պայմանագրեր են կնքվելու` նոր պայմաններով եւ չկատարելու դեպքում, տարածքը ճանաչվելու է գերակա շահ եւ հետ վերցվելու սեփականատիրոջ ձեռքից:

Նարեկ Սարգսյանը, Aravot.am-ի հարցին, թե ովքեր են այդ կիսակառույցների սեփականատերերը, հրաժարվեց անուններ հրապարակել, ասելով, որ կարեւորը հարցը լուծվի: Նրա պատասխանը` տեսանյութում: