Ծանր վիրավորված, անտուն ու հուսահատ. Հադրութից Հոկտեմբերյան տեղափոխված Աբալյանների ընտանիքը չգիտի վաղվա օրվանից ինչ սպասել

Արցախյան պատերազմի մասնակից զինվորական, 40-ամյա Ստեփան Աբալյանը պատերազմի ժամանակ ոտքի բեկորային ծանր վիրավորում է ստացել, տունն էլ, որը գտնվում էր Հադրութում՝ Ուխտաձոր գյուղում, անցել է ադրբեջանցիներին։

Տունը կորցրած և ոտքի ծանր վիրավորում ստացած Աբալյանը իր ընտանիքի հետ միասին հայտնվել է ծանր կացության մեջ։ Այժմ ընտանիքով ժամանակավորապես ապաստան է գտել Հոկտեմբերյանում գտնվող բարեկամի տանը։

Քույրը՝ Վերա Զալյանը, մտահոգ ասում է, որ այժմ առաջնային խնդիրն այն է, որ եղբայրը ծանր վիճակից դուրս գա, որ հետո կարողանա ընտանիքի հոգսը հոգալ, իսկ մինչ այդ անհրաժեշտ է կացարան, որ ընտանիքը բնակվի։ Նշում է՝ բարեկամի տանը երկար չեն կարող մնալ, եղբոր վերականգնման համար առնվազն 2-3 ամիս է անհրաժեշտ, որ կարողանա մտածել Արցախ վերադառնալու մասին։

«1992 թվին մեծ եղբայրս զոհվեց պատերազմի ժամանակ, էս պատերազմի ժամանակ փոքր եղբայրս ծանր վիրավորվեց, համարյա 50 օր Միքայելյանում պառկած էր՝ բեկորային ծանր վիրավորում ոտքից։ Բժիշկն ասել է, որ կամաց-կամաց պետք ա քայլի ու ակտիվանա։ Ծանր վիրավոր ա։ Գոնե ձմեռը պետք է հանի»,- նշում է նա։

Զալյանն ասում է, որ ակնկալում են, որ պետությունը աջակցություն կտրամադրի, կացարանի հարցով կօգնի:

«Ախպերս 2 քայլից բացի հիմա չի կարում ոչինչ անի, որ իր ընտանիքի հոգսը տանի։ Ուզում ենք, որ մի տուն լինի, ինքն իր ընտանիքի հետ հավաքվի, մի երկու ամիս իրան ոտի հանենք։ Գոնե կամ տարածք լինի, կամ վարձով օգնեն, որ ոտքի կանգնի։ Բարեկամի տանը չի կարող երկար մնալ, երեխաները, իր հարսի մաման ու բոլորը անտուն են, ուզում են մի անկյուն ունենան, վեց հոգով ապրեն։ Ակնկալիքը էն է, որ մի բանով պետությունը աջակցի»,- ասում է Զալյանը։

Զալյանի խոսքով՝ դիմել են նաև Արմավիրի մարզպետին, որ տարածքի հարցով օգնություն ստանան․ «Խոսք են տվել, ասել են՝ մի բան կանենք, սպասում ենք զանգի, բայց էս պահի դրությամբ դեռ ոչ մի բան չկա»։

Վերա Զալյանը դեռ 1999-ին է եկել Հայաստան, Բաքվում ամուսնանալուց հետո 6 ամիս անց՝ որպես փախստական Էջմիածին է տեղափոխվել։

Այս պատերազմի հետևանքով, Վերայի եղբորից բացի, Հայաստան են եկել նաև մայրը, քույրը՝ ընտանիքի հետ միասին։ Քույրն էլ եղբոր պես Հադրութում կորցրել է տունը և ապրուստի բոլոր միջոցները։

«Հիմա բոլորը մեր տանն են՝ մայրս, քույրս, երկու երեխա, քրոջս ամուսինը: Ես երրորդ հարկում եմ ապրում Էջմիածնում, եղբայրս ընդհանրապես չէր կարող բարձրանար, իրան ու իր ընտանիքը տարել ենք Հոկտեմբերյան՝ մեր բարեկամի սեփական տուն։ Մենք 9 հոգով երկու սենյակում ենք»,- նշում է Զալյանը։

Զալյանն ասում է, որ քույրն ու ամուսինը ցանկանում են Ստեփանակերտ գնալ, հետաքրքրվում են, թե ինչպես կարող են այնտեղ իրենց կյանքը նորից սկսել, իսկ եղբայրը դեռ որոշ ժամանակ չի կարող որևէ բան պլանավորել:

Զալյանն ասում է, որ այժմ ինքն ու ամուսինը ինչքան հնարավոր է փորձում են օգնել և՛ եղբորը, և՛ քրոջ ընտանիքին, սակայն խնդիրները շատ են:

«Մարդիկ եկել են մի հատ խալաթով, ոչ մի բան չունեն։ Իմ հասցեով գրանցել եմ օգնության համար, մեր մոտ՝ Էջմիածնում ընդհանրապես չոր մթերք են բերում՝ մի քիչ մակարոն, բրինձ։ Ուրիշ օգնություն մեր տուն չի մտել։

Եղբորս որ հիվանդանոցից դուրս գրեցին, դեղեր նշանակեցին, մենք ենք գնել։ Ես ու ամուսինս աշխատում ենք, տարիքով մարդ ենք, զորամասում բանվոր ծառայող ենք։ Ինչքան կարողանում ենք՝ օգնում ենք։

Հույս ունենք, որ աջակցություն կլինի, հույսը կա, որ գոնե եղբորս տարածք կտան Հայաստանում, մինչև վերականգնվի, մենք ունենք այդ հույսը, բայց չգիտենք հետո ոնց կլինի»,- ասում է Զալյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am