107 մլն. դոլար՝ Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվատանգության բարելավման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացնում է սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր, որը ենթադրում է ՀՀ տարածքում  առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում  և 18.900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարական ուղեցույցների մշակում, 1:500000  սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և այլն:

Ծրագրի շրջանակում արդեն կան ձեռքբերումներ.  Մասնավորապես՝  ավարտվել է  Երևանի 153-րդ  և Վանաձոր 7-րդ դպրոցների կառուցման աշխատանքները: Աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են յոթ դպրոցներում, դրանք են՝  Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ 135 հիմնական դպրոցը, Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 51 հիմնական դպրոցը, Եղեգնաձորի թիվ 1  հիմնական դպրոցը, Երևանի «Հերացու անվան ավագ դպրոց», որոնցից երկուսը  այս պահին գտնվում են ավարտական փուլում, իսկ Երևանի թիվ 6 և 95 դպրոցների համար հայտարարվել է շինարարական աշխատանքների իրականացման մրցույթային գործընթաց: Ընթանում են 22 դպրոցների նախագծման աշխատանքները, ևս 2 դպրոցի նախագծման աշխատանքների իրականացման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

Այս տարի կանխատեսվում է առնվազն չորս դպրոցի կառուցման ավարտ, ևս տասնհինգ դպրոցի շենքերի նախագծման աշխատանքների ավարտ,  ինչպես նաև բացի նոր հայտարարված վերը նշված 2 դպրոցներից՝  տարվա ընթացքում կհայտարարվեն ևս առնվազն 12 դպրոցների շինարարական աշխատանքների իրականացման  մրցույթներ:

Այսպիսով՝ ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշ  46 դպրոցներից այս պահին 2-ը ավարտվել են, 7-ը կառուցման փուլում են, 2-ի կառուցման համար հայտարարվել է մրցույթ, 23-ը նախագծման փուլում են, այսինքն՝ 46-ից 34-ը գտնվում են տարբեր գործընթացներում, իսկ 12-ի խնդիրները նախատեսվում է լուծել ծրագրի խնայողությունները հստակեցնելուց, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելուց հետո, որի գործընթացն ակտիվորեն  իրականացվում է:

Ծրագիրը սկսվել է 2015 թվականին,  ավարտը  նախատեսված է մինչև 2024 թվականը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն. դոլար, որից Ասիական զարգացման բանկի  վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝  18,5 մլն դոլար:

Որակյալ կրթությունը մեր երկրի ապագայի լավագույն հիմքն է, իսկ կրթական հաստատությունների՝ այս դեպքում՝  դպրոցների սեյսմիկ անվտանգությունը առաջնային խնդիրներից է, եթե հաշվի առնենք նաև մեր երկրի աշխարհագրական դիրքը և վերհիշենք 88-ի աղետը: Այս ծրագրի վերջնարդյունքը նշանակում է շուրջ քսան հազար աշակերտի անվտանգություն:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ