Արտակարգ իրավիճակ, արտակարգ լրահոս. Ըստ մասնագետների՝ կարեւոր է, որ չկրկնվի 2008-ի պատմությունը, երբ գրաքննություն էր իրականացվում

Զանգվածային լրատվամիջոցներով կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության տարածման սահմանափակումները արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ միջոցառում են։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ես կարծում եմ, որ սրանք արտակարգ դրությանը համապատասխանող սահմանափակումներ են։ Ամենակարևորն այն է, որ չկրկնվի 2008 թվականի արտակարգ դրության պատմությունը, երբ իրականացվում էր որոշման մեջ չնշված կանխարգելիչ գրաքննություն»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն։

Արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում նաև լրատվամիջոցների համար։ Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» գլխով սահմանվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

Սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր արդեն տեղեկացրել է, որ ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որին հետևելով կտեղեկանանք արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին։

«Խուսափեք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնաված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։

Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»,-նշել է նա։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ելնելով այս որոշումից՝ լրատվամիջոցները կարող են պատասխանատվության ենթարկվել, բայց միայն կոնկրետ փաստի հետ կապված։

«Նախնական որևէ այլ սահմանափակում չպետք է լինի։ Ուղղակի պետք է հույս ունենանք, որ լրատվամիջոցները կհետևեն այն կարգին, որը սահմանված է, և խնդիրներ չեն ունենա։ Արտակարգ դրությունը, բնականաբար, ոչ մեկին հաճույք չի պատճառում և ունի բազմաթիվ բացասական կողմեր, սակայն դրանք այն սահմանափակումներն են, որոնք անհրաժեշտ են այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ եթե երկրում սահմանվում է արտակարգ դրություն, նաև որոշ սահմանափակումներ պետք է գործեն լրատվամիջոցների համար։

«Եվ այս իրավիճակում բնական է, որ կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին վերաբերող տեղեկությունները գերազանցապես պետք է հիմնված լինեն պաշտոնական տեղեկությունների վրա։

Բայց, մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ այս սահմանափակումը պետք է խաթարի լրատվամիջոցների գործունեությունը, և լրատվամիջոցներն ու լրագրողները չեն կարող այլ աղբյուրներից տեղեկություններ հայթայթել։ 

Կարծում եմ՝ պաշտոնական տեղեկատվության հետ համատեղ կարող են օգտագործվել նաև այլ աղբյուրներից հավաքված տեղեկությունները, սակայն այսօրվա իրավիճակում լրատվամիջոցների պատասխանատվության զգացումը պետք է էլ ավելի բարձր լինի։ Հավաքված փաստերը հնարավորինս ճշգրտված պետք է լինեն, և պետք է հրապարակվեն միայն ստուգված և հստակ փաստեր»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում շատ կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ լրագրողական գործունեությանը, հարազատ մնալ էթիկայի կանոններին և ամեն կերպ կրկնակի ստուգել ձեռք բերված տեղեկատվությունը։

Անդրադառնալով հարցին, թե վտանգ չկա՞, որ սա կարող է վերածվել ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննության, Մելիքյանը պատասխանում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե իշխանություններն ինչպես կկիրառեն այս փաստաթուղթը։

«Կարծում եմ՝ դա գրաքննության չի վերածվի։ Դրանք ուղղակի կարող են լինել փաստաթղթի պահանջներին համապատասխանող սահմանափակումներ։ Այսինքն՝ եթե հանիրավի խուճապ է տարածվում, եթե չստուգված և շատ հաճախ հանիրավի տեղեկություններ են հրապարակվում, ապա այդ պարագայում, իհարկե, բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն։ Ես կարծում եմ, որ այս օբյեկտիվ սահմանափակումներն ամենևին չպետք է խաթարեն լրատվամիջոցների գործունեությունը»,- ասում է Մելիքյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am