«Սպանել եմ, որովհետև կինս խանդում էր». Ողբերգություն`ամուսնու սիրային կապի հետեւանքով

«Սպանել եմ, որովհետև կինս խանդում էր».  Ողբերգություն`ամուսնու սիրային կապի հետեւանքով
«Սպանել եմ, որովհետև կինս խանդում էր». Ողբերգություն`ամուսնու սիրային կապի հետեւանքով

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:
Վերջին շրջանում ամուսնական զույգերի տարաձայնությունների պատճառ հանդիսացող ինտերնետային ծանոթություններին ու սկանդալային պատմություններին չեն զիջում պատահական զանգերի հիման վրա հաստատված ծանոթություններն ու դրանց արդյունքում ծնված սիրային կապերը: Նման միջադեպերի բացահայտումը շատ հաճախ ամուսիններին հանգեցնում է ամուսնալուծության:
Քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը, անկախ մեղքի իր բաժնից, գործի է դնում բռունցքները: Վեճը վերածվում է ծեծկռտուքի, կինը դիմում է ոստիկանություն ու բողոքի հիման վրա գործ է հարուցվում: Վերջերս, ցավոք, գրանցվում են նաև դեպքեր, երբ նմանատիպ տարաձայնություններն ավարտվում են սպանությամբ:
Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ, ԼՂՀ Շահումյանի շրջանում գտնվող զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 25-ամյա Սամվել Ցականյանի եւ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի Աննա Մուշեղյանի սիրային կապի հետեւանքով կյանքից զրկվեց Սամվելի կինը` 25-ամյա Անժելա Դաշյանը:

«Սպանել եմ, որովհետև կինս խանդում էր»,- դատարանում արդարացել է Սամվել Ցականյանը:

Սամվելի եւ Աննայի սիրային կապը 1,5 տարվա վաղեմություն ուներ: Ծանոթացել էին պատահականորեն. Սամվելի սխալ հեռախոսահամարով կատարած զանգը երկուստեք ճակատագրական էր եղել:

Ծանոթությունից 6 ամիս անց Աննան խոստովանել էր, որ սիրում է Սամվելին, իսկ վերջինս էլ խոստացել էր ամուսնանալ աղջկա հետ: 2011թ-ի սեպտեմբերին Աննան զանգահարել էր Սամվելին, սակայն հեռախոսին պատասխանել էր կինը` Անժելան: Աննան ներկայացել էր և խնդրել հեռախոսը փոխանցել Սամվելին: Անժելան նախատել էր աղջկան եւ պահանջել հանգիստ թողնել ամուսնուն: Այդպես Աննան տեղեկացել էր, որ Սամվելն ամուսնացած է, ունի երեխաներ: Սակայն դա չէր խանգարել սիրահարներին շարունակել իրենց կապը: Սամվելը խոստացել էր ամուսնալուծվել և ամուսնանալ Աննայի հետ:

Սամվելը և Աննան հեռախոսով շփվելուց զատ հասցրել էին երկու անգամ հանդիպել: Երկրորդ հանդիպման ժամանակ, որ տեղի էր ունեցել 2012թ-ի հունիսի 1-ին, Սամվելն առաջարկել էր միասին փախչել: Աննան հրաժարվել էր կատարել տղայի ցանկությունը, թեպետ նույն օրը երեկոյան Սամվելի բջջային հեռախոսին սիրային բնույթի հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ նշել էր, որ սիրում է նրան և համաձայն է հետը փախչել: Հանդիպումից 14 օր անց` հունիսի 15-ին, Աննան կրկին հեռախոսազրույց էր ունեցել Սամվելի հետ, իսկ օրեր անց տեղեկացել, որ սիրեցյալը սպանել է կնոջը` կոկորդը կտրելու միջոցով:

Սպանության օրը` հունիսի 24-ին, Սամվելն ու Անժելան կրկին վիճել են: Վեճի պատճառը Սամվելի բջջայինին Աննայի ուղարկած սիրային բնույթի հաղորդագրությունն է եղել: Այդ օրը Ցականյանների ընտանիքը Կախակն գյուղից պետք է տեղափոխվեր ԼՂՀ Շահումյանի շրջանի Չապլի գյուղ:

Ճանապարհին Անժելան ու Սամվելը միմյանց հետ չեն խոսել, զրուցել են հիմնականում երեխաների հետ: Ժամը 16:00-ի սահմաններում հասել են Չապլիում տեղակայված սպայական հանրակացարան:

Սամվելը կնոջ և երեխաների հետ իջել է մեքենայից և գնացել տուն՝ ասելով, որ կվերադառնա մեքենայում մնացած իրերը վերցնելու: Որոշ ժամանակ անց երկու երեխաների հետ հետ է վերադարձել շենքի դիմաց կայանած մեքենայի մոտ և ասել վարորդին՝ Սաշա Սաղաթելյանին, ով Սամվելի ծանոթն էր, որ իրենց տեղափոխի Վարդենիս:

Սաշան հրաժարվել է, քանի որ Ցականյանը գումար չի ունեցել վճարելու: Միաժամանակ զարմացել է, թե ինչու է Սամվելը ցանկանում հետ վերադառանալ: Մերժում ստանալով` Սամվելը երեխաների հետ կրկին մտել է հանրակացարանի շենք, մի քանի վայրկյանից վերադարձել միայնակ ու շարժվել միջպետական ճանապարհի ուղղությամբ:

«Մի քանի անգամ ձայն տվեցի Սամվելին, որ գա մեքենայից իրերը տանի, բայց չպատասխանեց: Մեքենայից իջեցրի նրանց իրերը, տարա բնակարան: Կանչեցի Անժելային, ձայն չկար: Ձեռքիս պարկը դրեցի միջանցքում, մտա ննջարան ու դռան մոտից նկատեցի, որ Անժելան անշարժ պառկած է ծածկված վերմակով, դեմքը բարձով ծածկած:» – ասում է Սաշա Սաղաթելյանը:

Սաշան մահճակալի գլխամասում արյան հետքեր է տեսել: Սկզբում մտածել է, որ Սամվելը ծեծել է կնոջը: Անմիջապես տեղեկացրել է դեպքի մասին հարևաններին և մեքենայից իջեցնելով մնացած իրերը՝ շարժվել Վարդենիսի ուղղությամբ: Չապլիի մետաղյա կամրջի մոտ նկատել է Սամվել Ցականյանին եւ արգելակել մեքենան: Սամվելը նստել է մեքենան եւ կրկին խնդրել իրեն տանել Վարդենիս` հայտնելով, թե սպանել է կնոջը եւ գնում է ոստիկանություն՝ հանձնվելու:

Անժելայի հարևանուհիներից երկուսը, ում օգնության խնդրանքով դիմել էր վարորդը, շտապել են մտնել Ցականյանների բնակարան՝ երիտասարդ կնոջն օգնելու: Սարսափահար կանայք սենյակում հայտնաբերել են արդեն մահացած Անժելայի դին՝ կոկորդում խրված դանակով:

Սամվել Ցականյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ընթացքում, օգտվելով իր դատավարական իրավունքից, ամբաստանյալ Սամվել Ցականյանը հրաժարվել էր ցուցմունքներ տալուց:

«Ես գիտեմ, կանխամտածված է սպանել աղջկաս:» – արցունքները հազիվ զսպելով ասում է Անժելայի մայրը՝ Շուշանիկ Դաշյանը, ով դատարանում ներկայանում էր որպես տուժողի իրավահաջորդ: – «Սամվելը Անժելային ու երեխաներին Չապլի գյուղ տեղափոխելուց առաջ աղջկաս հրահանգել է հրաժեշտ տալ հարազատներին, քանի որ նրանց այլեւս չի տեսնելու:»

Դատաբժշկական փորձագետի թիվ 30 եզրակացությամբ Անժելա Դաշյանի մահը վրա էր հասել արտաքին սուր արյունահոսությունից`պարանոցի առաջնային մակերեսի կտրած-ծակած և պարանոցի խոռոչ թափանցած դանակային վերքի հետևանքով: Անժելա Դաշյանի դիակի վրա հայտնաբերվել են նաև ձախ վերին կոպի շրջանում քերծվածք և արյունազեղումներ, որոնք ավելի վաղ կոշտ, բութ առարկայով հասցված հարվածի հետևանքով էին առաջացել և մահվան պատճառ չէին կարող լինել: Սամվել Ցականյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին չի գտնվել աֆեկտի վիճակում եւ լիովին գիտակցել է, թե ինչ է անում:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, Սամվել Ցականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց ազատազրկման 12 տարի ժամկետով:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:

Երանուհի Սողոյան

Հետաքննող լրագրող

ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ