Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Նա իրեն թույլ է զգում, ունի երիկամների, շնչառայության, արյան ճնշման հետ կապված խնդիրներ։ Այժմ Գրիգորյանը ստանում է ինտենսիվ բուժում»,- ասաց պաշտպանը։

Ըստ Մկրտչյանի՝ Մանվել Գրիգորյանի բուժումից հետո պաշտպանական թիմը հակված է միջոցառումներ ձեռնարկել նրան տեղափոխելուն կամ արտերկիր բուժման, կամ տուն՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ։

«Համապատասխան միջնորդություն արդեն դատարան ներկայացվել է։ Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներս հայտարարությունով հանդես կգանք։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարները տեղյակ են իրավիճակի մասին, կարծում եմ, որ որոշակի մարդկային աջակցություն կստանանք»,- ասաց Մկրտչյանը։

Հունիսի 9-ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հունվարի 15-ին ԵԿՄ նախկին նախագահը դատարանի որոշմամբ ստորագրությամբ ազատ արձակվեց` երկրից չհեռանալու պայմանով։