Վրաստանում վթարվել է «Սպայկա» ընկերության բեռնատարը․ վարորդը մահացել է. Factor.am

Հուլիսի 3-ին Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ծիրան տեղափոխող՝ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության բեռնատարը։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել կամրջից և հրդեհվել, գրում է Factor.am-ը։

Ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը Factor.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով վարորդը մահացել է, ներկայում քննություն է ընթանում ավտոպատահարի պաճառները պարզելու ուղղությամբ։

«Նախնական վարկածով՝ վարորդի մահվան պատճառը ինքնազգացողության վատացումն է։ Ենթադրում ենք, որ սրտի կաթված է, որի հետևանքով էլ մեքենան ընկել է կամրջից»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ սահմանն անցնելիս վարորդի ինքնազգացողությունը վատ չի եղել։

Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ վարորդը երկար տարիներ աշխատել է ընկերությունում, իսկ նախկինում նրա մասնակցությամբ վթարներ չեն արձանագրվել։

«Մոտավորապես 50 տարեկան, հարգված անձնավորություն էր, ցավակցում ենք ընտանիքին»,- ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետը։