Դատախազի միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կհայտնենք վաղը, փակ գաղտնի քվեարկությամբ․ Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այսօր կայացած նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի՝ Ազգային ժողովի աշխատակազմ ներկայացրած երկու միջնորդությունները, այսօր խմբակցության նիստից հետո լրագրողներին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք քննարկել ենք գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը, բայց թե ինչ դիրքորոշում ունենք այդ հարցի վերաբերյալ մենք կհայտնենք վաղը փակ գաղտնի քվեարկությամբ» , -ասել է Մակունցը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու միջնորդություն, որոնցից մեկը վերաբերում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ մյուսը՝ նրա նկատմամբ մեղադրանք հարուցելուն։

Մակունցը պնդեց, որ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը բացառապես իրավական հիմքեր ունի և հորդորեց զերծ մնալ դրանք քաղաքական որակելուց։