Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 57-ամյա բնակիչը, իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և 2019թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Վարշավյան փողոցում 1 տոննա չուգունի դիմաց 47-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցի մի մասը նույն օրը վերջինիս կողմից գործածվել է, իսկ մնացած խոշոր չափի` ընդհանուր 0,293 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը տղամարդը պահել է իր մոտ` հետագա օգտագործման համար, որը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշված երկու անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին