Գլխավոր դատախազն Ազգային ժողովին ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովին ներկայացրեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավթյանը նշեց, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ՝ ընտրակաշառքի գործում Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներն ու խուզարկության արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար»,- ասաց Դավթյանը:

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ արդեն պատգամավոր Գագիկ Ծառուկյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: