Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը:

Ընդ որում գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը:

Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Քոչարյանը ազատ կարձակվի 2 մլրդ դրամի չափով գրավի դիմաց։