ԱԺ-ում սպասվում է արտահերթ նիստ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար․ ԼՀԿ-ն մտադիր է չմասնակցել

Այսօր Ազգային ժողովի խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է այսօր ժամը 13։00-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, այդ մասին այսօր առավոտյան ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԱԺ արտահերթ նիստի օրակարգային միակ հարցը երկրի Մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրության մեջ կատարվող փոփոխություններն են, որի համար նախատեսված է քննարկում երեք ժամ։

Նշենք, որ այդ փոփոխություններով խորհրդարանական մեծամասնությունը առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների լիազորությունները։ Մասնավորապես, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մյուս առաջարկի համաձայն, մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

«Ամբողջ աշխարհում, գիտեք, երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու համար դեբատներ են կազմակերպվում, բանավեճեր, իսկ Հայաստանում դրա համար նախատեսված է երեքժամյա քննարկում։ Սա լուրջ խնդիր է թե մեր միջազգային պարտավորությունների, թե մեր ասածների իմաստով», -հայտարարեց Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց նաև, որ քննարկում են նիստին ընդհանրապես չմասնակցելու հնաարվորությունը։