«Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղի, մենակ դու ես մնացել, մամադ, պապադ չկան»․ 20-ամյա Արմեն Սահակյանը զոհվել է պատերազմի ժամանակ ընկերներին օգնության հասնելիս

«Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղ՛ի, մենակ դու ես մնացել, մամադ չկա, պապադ չկա, ասում էր՝ մորքո՛ւր, խի՞ պիտի վախենամ, ուժե՛ղ մնացեք, մենք հաղթելո՛ւ ենք»,- հուզմունքով պատմում է Արմինե Սահակյանը, որի քրոջ որդին՝ 20-ամյա Արմեն Սահակյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Արմինեն ասում է, որ քրոջ որդին խիզախ էր, քաջ, վայրկյան անգամ չի մտածել թաքնվելու կամ փախչելու մասին, ընդհակառակը՝ բոլորին քաջալերել է ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Պատերազմի ժամանակ 5-6 տանկ ա խփել, ինքն էր մեզ ասում։ Իրա սրտում վախ չկար, ասում էինք՝ մի տեղ մտի, թաքնվի, ասում էր՝ ես վախկոտ չեմ, եկել եմ բանակ, պիտի ծառայեմ, մինչև վերջ էլ պիտի հաղթենք։ 

Քուրիկս երեխեքի հետ Գորիսից Երևան էր եկել, վախեցել էր, Արմենը զանգել, ասում էր՝ մորքո՛ւր, ինչի՞ ես վախեցած Երևան գնացել, ոչ մի բանի չեն կպնի, Գորիսին չեն կպնի, արի հասի քո ընտանիքին»։

Արմեն Սահակյանը հոկտեմբերի 20-ին վիրավորում է ստացել, որի մասին ընտանիքի անդամներին չի տեղեկացրել: Օրեր անց ԱԹՍ-ն հարվածել է ընկերներին, նրանց օգնության հասնելիս ինքն էլ ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։

«Հոկտեմբերի 26-ին՝ գիշերը ժամը 4-ին, ընկերների վրա անօդաչու էին գցել, ոչ մեկը չի գնացել օգնության, մեր խոխան ասել ա՝ պիտի հասնեմ, օգնեմ։ Ընկերներն ասել են՝ Արմենչիկ, միակ տղան ես, մի՛ գնա, մենք վախենում ենք դուրս գանք, ամեն րոպե խփում են, ասել ա՝ չէ, ընկերներս տանջվում են, մեր երեխան հասել ա, վերևից էլի գցել են, մեր խոխի վրա ա ընկել»,- պատմում է մորաքույրն ու հավելում, որ հարվածը եղել է Արմենի գլխին, ոտքին և մեջքին, տեղում չի մահացել, ծանր վիրավորվել է, սակայն վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել: 

«Բերել են Գորիս, մամաս ու ախպերս տեսել են Գորիսում, հետո հետը գնացել են Երևան, երկու ժամ բան ա ապրել, հոկտեմբերի 29-ին մահացել ա»,- հուզմունքով ասում է Արմինե Սահակյանը։

Արմենի հայրը մահացել էր տարիներ առաջ, մայրը մահացել էր Արմենի բանակ զորակոչվելուց հետո։ Մորաքույրն ասում է՝ շատ անհանգիստ էին Արմենի համար, որ գար ու առողջ տուն հասներ, սակայն պատերազմը խլեց նաև 20-ամյա տղայի կյանքը։

«Քրոջս ամուսինը, որ մահացավ, քույրս մեր մոտ տեղափոխվեց, մենք ենք պահել, ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, մանավանդ որ երեխաներիս մոտ ցույց չեմ տալիս, գիշերները չեմ դիմանում։

Մայրս՝ ճնշումը բարձր, վատ, վիրահատված կին ա։ Չի արտահայտվում, զանգում եմ, զգում եմ՝ լացում ա, ասում եմ՝ ինչ ա եղել, ասում ա՝ ոչ մի բան, բայց, դե, զգում եմ՝ վիճակ չկա»։

Մորաքույրը պատմում է, որ Արմենը բանակից հաճախ էր ասում, որ գա մոր գերեզմանը սարքի, աշխատի, ընտանիք կազմի, սակայն ոչինչ չհասցրեց։

«Ասում էր՝ մամայիս տարին ես պիտի տամ, քարը դնեմ։

Գորիսի պոլիտեխնիկում էր սովորել մինչ բանակ գնալը՝ մեքենաշինության բաժնում, պիտի գար, շարունակեր, ամեն ինչ կիսատ մնաց»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am