Հալեպից` Երևան. սիրիահայերը պատրաստվում են Ամանորին արևելյան ուտեստներով, քաղցրեղենով և հուշերով

Հալեպից` Երևան. սիրիահայերը պատրաստվում են Ամանորին արևելյան ուտեստներով, քաղցրեղենով և հուշերով
Հալեպից` Երևան. սիրիահայերը պատրաստվում են Ամանորին արևելյան ուտեստներով, քաղցրեղենով և հուշերով

Հայաստանում բնակվող սիրիահայերը գալիք Ամանորը պատրաստվում են նշել «սուրիական» մթնոլորտում, արևելյան՝ արաբական և սիրիական տարատեսակ ուտեստներով ու պարերով:
Սիրիահայերի համար յուրահատուկ հավաքատեղի դարձած Երևանի «Սպիտակ» արևելյան խոհանոցը, որ 3 ամիս առաջ հիմնել են Հայաստան գաղթած սիրիահայերը, Ամանորի գիշերը կրկին բոլորին համախմբող դեր կստանձնի:
Դեկտեմբերի 31-ի գիշերը շուրջ 100 սիրիահայ պատրաստվում է ամանորյա տոնը նշել այստեղ:
Խոհանոցում իսկական եռուզեռ է. խոհարարները՝ ճերմակ գոգնոցները կապած, պատրաստում են սիրիական տարբեր աղցաններ՝ համմուս, ֆաթուշ, մուհամմարա, քյուֆթայի տեսակներ՝ թրաբլսիե, ինչպես նաև պանրով բյորեկ, հաբրեթ սամագ (տապակած ձկան ֆիլե), հավի թարաթոր, յալանչի տոլմա:
Նրանք նշում են, որ ամանորյա սեղանին մշտապես դնում են նաև գունաֆա (քաղցրեղեն, չիր, չամիչ, մրգեր):

«Սպիտակի» գլխավոր խոհարար սիրիահայ Եվա Պողոսյանը ցույց է տալիս կիսապատրաստ թրաբլսիեն և բացատրում, թե ինչպես պատրաստել:

Եվա Պողոսյանը

«Թրաբլսիեն միջուկով քյուֆթան է, Հայաստանի իշլի քյուֆթային կնմանի, բայց մենք ավելի պստիկ կընենք ու կտապկենք: Աղացած միս է, որը սոխով կտապկենք, համեմներ կդնենք: Մենք շատ կօգտագործենք բահարաթը՝ 7 համեմներ են խառնված, նաև օնիոնը, կարմիր բիբարը, սումախը: Քյուֆթայի միսը կծեծենք և ձավարը կշաղինք, հետո քյուֆթան կբանանք, մեջը կլցնինք և այս ձև կուտանք իրեն: Վերջում կտապկինք ձեթի մեջ, մենք տապկած կուտինք»,- ասում է Պողոսյանը, ով 4 ամիս է, ինչ ընտանիքի հետ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան:

Նա նշում է, որ Սիրիայում նույնպես խոհարար է աշխատել և ուրախ է, որ այստեղ հեշտ կարողացավ աշխատանք գտնել:

«Մեզ մոտ Ամանորի սեղանին թերևս հնդկահավ են դնում սեղանին և գառան բուդ, պատրաստում ենք նաև բրնձով փլավը, վրան` պիստակ, նուշ: Իսկ Հալեպ մեծամասնությամբ Կաղանդին առաջին օրը կուտեին մածունից սպաս պատրաստած և մեջը կլոր քյուֆթաներ դրած, եփած ուտեստ: Մենք կըսենք` մածունով քյուֆթա: Ադի շատ հայտնի և յուրահատուկ բան մըն է Հալեպի կամ սիրիացիներու մոտ, որ Կաղանդի առաջին օրը ճերմակ ճաշով սկսին իրենց տարին»,- ասում է Պողոսյանը, ում ամուսինը նույնպես աշխատում է սիրիական խոհանոցում:

Սիրիահայերի սիրած ռեստորանն ամեն օր բաց է: Ամեն կիրակի կեսօրին շուրջ 100 սիրիահայեր այցելում են «Սպիտակ», համտեսում արևելյան ուտեստներ, շփվում միմյանց հետ, նորություններ պատմում, հիշում Սիրիան և այնտեղ մնացած իրենց հարազատներին:

«Սպիտակ»-ում մատուցում են հիմնականում սիրիական, արաբական և հայկական ճաշատեսակներ: Նույն անունով ռեստորան եղել է նաև Սիրիայում, իսկ Հայաստան տեղափոխվելուց հետո սիրիահայերը որոշեցին նույնը բացել այստեղ:

Սիրիահայերը հաճախ են այցելում «Սպիտակ» նաև նարդի խաղալու, նարգիլե ծխելու կամ արաբերեն մեկնաբանությամբ ֆուտբոլի խաղեր դիտելու:

Միջավայրն այստեղ ջերմ է ու մտերմիկ: Գրեթե բոլորը ճանաչում են իրար, համախմբվում են, կիսում խնդիրներն ու մտահոգությունները միմյանց հետ և հարազատ զգում երևանյան այս փոքրիկ սիրիական անկյունում:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

© Medialab.am