Մայիսին խիստ սահմանափակումների ռեժիմը հանելուց հետո Հայաստանում վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության խիստ սահմանափակումների ռեժիմը մայիսին հանելուց հետո վերականգնվել է 50 հազար 94 աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Video Player

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք խիստ սահմանափակումների ռեժիմը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Այսօր մենք ՊԵԿ նախագահի հետ քննարկում էինք, որ աշխատատեղերի վերականգնման գործընթացը շարունակվում է, սա վերջին շրաջանի ամենակարևոր լուրն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ստիպված չլինենք դարձյալ վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմի: 

«Պետք է պայմանավորվենք, որ խիստ սահմանափակումների ռեժիմի քաղաքականությանը վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ դրա համար պետք է պահպանենք հակահամաճարակային կանոնները: Մայիսի տնտեսական տվյալները լավատեսություն են տալիս, որ բավականաչափ արագ կունենանք որոշակի վերականգնում: Առևտրի շրջանառության ծավալները նույնպես վերկանգնվում են, պետք է միասին այս տնտեսական տեմպը պահենք, կորցրածը հետ բերենք և եղածը զարգացնենք»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլին խիստ սահմանափակումների ռեժիմի ներդրման պատճառով Հայաստանում կորսվել էր 71471 աշխատատեղ: