Ալիևը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի. Քարվաճառն այսօր դարձել է ռազմականացված պլացդարմ. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով այդ երկրում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է զինվել, ու հարց հնչեցրել. «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի»։ Հատկանշական է, որ նույն Ալիևը 44-օրյա պատերազմից հետո բանակի վրա անընդհատ հսկայական գումարներ է ծախսում, ինչի մասին անձամբ ինքն է հայտարարել։ Ելնելով այս ամենից՝ ի՞նչ ենթադրություն կարելի է անել, ո՞րն է Ալիևի ցանկությունը։

– Այն, որ Հայաստանն առհասարակ չունենա բանակ, Հայաստանում որևէ գործողություն ձեռնարկելիս իրենք որևէ դիմադրության չհանդիպեն, ինքը շարունակ այս շեշտադրումն անում է ու այդ ֆոնին խոսում է, թե Հայաստանը զինվում է, բայց այդ ամբողջ գործընթացները սկսվել են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողություններից հետո։ 

2020 թվականից հետո նրանք Հայաստանի նկատմամբ մի քանի ոտնձգություն են իրականացրել, որոնցից ամենալայնածավալը եղել է անցած տարվա սեպտեմբերին։ Ցանկացած բանական մարդու համար տրամաբանական է, որ եթե քեզ վրա հարձակվում են, ինքնապաշտպանվելու համար պետք է զենք ձեռք բերես։ 

Ես պատահական չեմ համարում, որ նա հենց Հնդկաստանի դեսպանին է այդ մասին ասել՝ առանց Հնդկաստանի անունը շեշտելու, բայց ուղերձը պարզ է, որ զենք չմատակարարեն: Բացի հրապարակային հայտարարություններից, տարբեր խողովակներով են փորձում այդ ուղերձներն ուղարկել՝ նպատակ ունենալով, որ Հայաստանն ընդհանրապես չզինվի, չդիմադրի, ու այդ պարագայում իրենց զավթողական ծրագրերը շատ հեշտությամբ կիրականացվեն։

– Եվս մեկ անգամ խոսել է «Հայաստանում գործող ռևանշիստական ուժերի» մասին։ Ալիևի այս միտքը ո՞ւմ է ուղղված, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը բազմիցս ասել է, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի Ադրբեջանից։

– Ես իրականում կարծում եմ, որ ինչքան էլ Հայաստանի ղեկավարը խոստանում է ու ամեն հնարավոր ձևով անում է այնպես, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով, միևնույն է, դա Ադրբեջանի համար քիչ է։ Ալիևը մտածում է, որ 20 թվականի ռազմական հարկադրման միջոցով Հայաստանին ստիպել է հրաժարվել Արցախի հետ կապված բոլոր կենսական իրավունքներից, որոնց համար Հայաստանը որպես պետություն ու ժողովուրդ առնվազն վերջին 30 տարվա ընթացքում պայքարել է։ 

Հիմա Ադրբեջանը մտածում է, որ եթե ագրեսիայով հնարավոր է հարց լուծել, ապա մի նոր ագրեսիա կձեռնարկի, արդեն այլ հարցեր կլուծի, օրինակ՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Հայաստանի այլ շրջանների նկատմամբ։ Երբ որ դու քո գործողություններով կամա թե ակամա արդարացնում ես ագրեսիան, դա նշանակում է՝ ագրեսորը դիմելու է նոր ագրեսիայի, որովհետև նրա մտադրություններն ավելի հեռուն գնացող են դարձել։ Որքան էլ թուղթ ստորագրեն, կամ ամեն օր Նիկոլ Փաշինյանը երդվի, որ պատրաստ է Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս, միևնույն է՝ Ալիևն ավելի հեռուն է գնալու։

– Տիկի՛ն Հայրապետյան, Ալիևը նաև ասել է, որ Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։ Սա Հայաստանին ուղղված ուղիղ զգուշացո՞ւմ է, թե՞ ակնարկ նոր էսկալացիայի վերաբերյալ, որին պատրաստվում է Ադրբեջանը։

– Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը հստակ հայեցակարգ էր, որ իրենք Հայաստանի դեմ ագրեսիայի են պատրաստվում։ Հիմա դրանից կանցնի մեկ ամիս, թե մեկ տարի, միևնույն է, իրենց պլանները չեն փոխվում, մենք այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Եթե մենք հրաժարվում ենք այս պարզ իրողությունը ընկալելուց, ապա մեր մնացած բոլոր քայլերը ձախողված են։ 

-Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմի՞ է պատրաստվում։

-Այո՛, իհարկե։ Ինչպես ասացի, Ալիեւի վերոնշյալ ելույթը Ադրբեջանի հայեցակարգն է։ Քարվաճառն այսօր դարձել է ռազմականացված պլացդարմ։ Կտեսնեք, այնտեղ անգամ մարդ չեն բնակեցնի, որովհետեւ այն շատ հարմար է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։

– Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներն ընդգծել են, որ կարգավորման գործընթացում առաջընթաց կա։ Ձեզ տեսանելի՞ է այդ առաջընթացը։

– Առաջընթացը ո՞րն է, որ ավելի արա՞գ են պատրաստվում ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը։ Այսօր ամբողջությամբ խեղաթյուրվում է այդ հակամարտության էությունը․ 30 տարի շարունակ այդ հակամարտությունը եղել է ինքնորոշման իրավունքի մասին, այսօր բոլորը՝ հանձին Հայաստանի իշխանության, խեղում են այդ էությունը: Երբ փոխում ես հակամարտության էությունը, դու հակամարտությունը չես լուծում, ավելի ես բարդացնում։

Ինձ համար հստակ է մեկ բան, որ Ադրբեջանին դուր չի գալիս մոսկովյան հարթակում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի շուրջ, Ադրբեջանին դա շահավետ չէ, որովհետև Մոսկվան իր պլաններն է երբեմն առաջ քաշում, ճիշտ է՝ գործնականում ոչ մի ջանք չի ներդնում, որ դրանք իրագործվեն, բայց ծրագրերն առաջ է քաշում։ 

Բացի այս՝ Նիկոլ Փաշինյանն ու իշխանություններն ասում են, որ Ղարաբաղում վերահսկողությունը ռուսների ձեռքին է: Եթե իշխանությունն ընդունում է, որ ռուսներն են իրավիճակի տերը, ապա դա նշանակում է, որ Ղարաբաղի հետ կապված խնդիրները կլուծի Ռուսաստանը՝ Ադրբեջանի հետ իրենց հաշիվների շրջանակներում։ Այսինքն՝ ռուսները կգնան զիջումների Արցախի հարցում, դիմացը ստանալով իրենց համար շահավետ ինչ-որ բան Ադրբեջանից, սա պարզ դիվանագիտական տրամաբանություն է։ 

Դրա համար էլ այդ հարթակը Բաքվին ձեռք չի տալիս, իսկ բրյուսելյան հարթակում, փաստացի, Ադրբեջանը ոչինչ չի տալիս Արցախի դիմաց, նույնիսկ միջազգային մեխանիզմների մասին չխոսվեց, որի մասին ամերիկյան հարթակում խոսվել էր, ի դեպ, այդ նուրբ տարբերությունը կա։ Բրյուսելյան հարթակը Հայաստանի համար ամենավատ ու անհաջող, իսկ Ադրբեջանի համար՝ ամենաշահավետ հարթակն է։ Իրենց մեդիահարթակներում էլ թիրախավորված են բոլոր հարթակները, բացի բրյուսելյանից, ավելին՝ հիացմունքով են խոսում այդ մասին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am