Մարզիկ Արմեն Ղազարյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ․ Factor.am

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին ի պատասխան Factor.am-ի հարցի հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: