Կոնգրեսը չի մասնակցի ընտրությանը եւ չի աջակցի որեւէ թեկնածուի

Կոնգրեսը չի մասնակցի ընտրությանը եւ չի աջակցի որեւէ թեկնածուի
Կոնգրեսը չի մասնակցի ընտրությանը եւ չի աջակցի որեւէ թեկնածուի

ՀԱԿ հայտարարությունը
Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:

Հինգ տարվա ընթացքում կատարելագործել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը: