Մինասյանի «Վերջին ստերը»․ Սերժ Սարգսյանի փեսան շարունակում է կեղծ պնդումներ անել. Fip.am

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 27-ին հրապարակեց «Ստի վերջը» խորագրով տեսաուղերձների վերջին մասը։

«Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում» վերնագրով տեսանյութում Մինասյանը, բացի «հեղափոխական» բորշչ պատրաստելուց, հանդես է եկել որոշ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններով։

Նա, մասնավորապես, նշել է, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքներն ավելացել են և որ ուսանողները խնդրում են հետաձգել վարձերի վճարման ժամկետները, բայց իշխանությունները չեն ընդառաջում։ Ըստ Մինասյանի՝ մինչ այս իր արած «ամենակարևոր» հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ 2 հազար հեկտար հող անցնելու վերաբերյալ, չի քննարկվել, և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է Մինասյանի խնդրահարույց պնդումներն ու ներկայացրել դրանց վերաբերյալ իրական փաստերը։

Թշնամուն անցած հայկական տարածքների մասին տեղեկության Մինասյանի աղբյուրը Ադրբեջանն է 

Մինասյանի հայտարարությունը, թե Երևան-Գորիս ռազմավարական նշանակության ճանապարհը վտանգի տակ է, վերաբերում է 2018 թ. հունիսին ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի սահմանին գրավել էր շուրջ 11 հազար հեկտար տարածք։ Այն ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տեղեկությունները՝ նշելով, որ Ադրբեջանն առաջխաղացում ունեցել է, սակայն սեփական տարածքի մեջ՝ փոխելով միայն սեփական դիրքերի տեղը։

Նախարար Դավիթ Տոնոյանը ևս նշել էր, որ դրանք միայն տեղափոխություններ են Նախիջևանի տարածքում, իսկ հայկական կողմի համար մտահոգության կարիք  և վտանգ չկա։

Ավելին՝ ՊՆ-ն 2018 թ. հունիսին մի շարք լրագրողների և բլոգերների համար այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ, որտեղ նրանց ցուցադրել էին դիրքերի վերադասավորումը։

Ցույց տալով Ադրբեջանի նոր դիրքերն ու հայկական բնակավայրերը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Դուք տեսնում եք, որ ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն իրենց չի բավականացնելու Արենիի ամենահեռավոր տներին որևէ վնաս պատճառելու…։ Առավել ևս՝ միջպետական ճանապարհը որ իրենք ցուցադրում էին, ավելի հեռու է գյուղից և ավելի անհասանելի իրենց որևէ հրաձգային զենքի համար»։

Միաժամանակ նշենք, որ ադրբեջանական և հայկական ուժերի կողմից դիրքավորումներ և տեղաշարժեր տեղի են ունենում պարբերաբար։ Եվ որպես կանոն` նման տեղաշարժերն ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես հաղթանակ, իսկ հայկական որոշ լրատվականներ շտապում են տարածել այդ «լուրերը»։ Նույն թվականի հունիսի սկզբին, օրինակ, Ադրբեջանը «տարածքների գրավում էր» բնորոշել չեզոք գոտում գտնվող գերեզմաններ այցելելու նպատակով հայկական կողմից ստացած թույլտվությունը։

Արագաչափերի և տուգանքների մասին

Միքայել Մինասյանը պնդում է, որ հեղափոխությունից հիասթափվել են նաև տաքսու վարորդները, որոնք հեղափոխության ժամանակ հույս ունեին, որ արագաչափերը կհանվեն, իսկ տուգանքները կնվազեն։ «Արդյունքում արագաչափերն ավելացան, տուգանքներն ավելացան»,- իր խոսքն ամփոփում է Մինասյանը։

Նախ նշենք, որ հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը չի փոխվել, այս մասին տարբեր առիթներով հայտարարել են մի շարք պաշտոնյաներ։ Ըստ ոստիկանության կայքում առկա տվյալների ևս՝ 2018 թվականի ամռանն ու 2019-ի դեկտեմբերին հանրապետության ավտոճանապարհներին առկա է եղել մոտ 230 արագաչափ սարք։

Տուգանքների մասին Մինասյանի պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած բալային համակարգի օրինագծով նվազեց նաև մինչ այդ սահմանված տուգանքների չափը։ Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը 29 հազար դրամ է՝ նախորդ 500 հազար դրամի փոխարեն։ 

Բանկերը վարկային արձակուրդներ տրամադրել են

Միքայել Մինասյանը խոսեց նաև վարկերի մասին՝ իշխանություններին մեղադրելով վարկային արձակուրդներ չտրամադրելու մեջ։ «Հիասթափված են մարդիկ, որոնք վարկերի տակ խնդրում-աղաչում էին, ասում էին՝ մեզ պետք չի օդից ծրագրեր, որ մենք չենք հասկանում 6-րդ, 8-րդ, 9-րդը․․․ ժամանակավոր դադարեցնենք, վարկային արձակուրդ տաք, մինչև տեսնենք՝ ինչ ա  կատարվում», — հայտարարել է Մինասյանը։

Մինասյանի այս հայտարարությունը, սակայն, ևս հիմնված չէ փաստերի վրա։ Նախ՝ արտակարգ դրության հայտարարումից հետո Կենտրոնական բանկը կոչ էր արել առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում։ 

Հայաստանում գործող բանկերը մասնավոր են ու տրամադրել վարկային արձակուրդ, թե՞ ոչ և ի՞նչ ժամանակով՝ որոշում են հենց իրենք։ Սակայն Հայաստանի բանկերի մեծամասնությունը ոչ միայն անհատական մոտեցում ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել, այլ նաև տրամադրել  էր վարկային արձակուրդներ։ Այդ բանկերի թվում էին «Արարատբանկը», «Ամերիաբանկը», «Էվոկաբանկը», «Բիբլոսբանկը» և այլն։ Այդ արձակուրդների ժամկետները և մոտեցումները տարբեր են՝ ըստ բանկերի ընտրած քաղաքականության։

Բուհերը չեն ստիպել վճարել ուսման վարձերը արտակարգ դրության պայմաններում

Ըստ Միքայել Մինասյանի՝ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները հնարավորություն չեն տվել ուսանողներին հետաձգել ուսման վարձերի վճարումը։ «Հիասթափված է ուսանողը, որը խնդրում էր, ասում էր՝ ես չեմ գնում համալսարան, խնդրում եմ՝ հնարավոր ա գոնե հետաձգել իմ վարձերը [..․] Ոչ, դուք պետք ա չաշխատեք, բայց վճարեք, չսովորեք, բայց վճարեք»։

Մինասյանի այս հայտարարությունը ևս ուշացած է և առանց հիմնավորումների։ Արտակարգ դրության հայտարարումից հետո կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ կոչ անելով փոփոխել ուսման վարձերի վճարման ժամանակացույցերը, ուսանողներից վարձերը չպահանջել, քանի դեռ չի ավարտվել արտակարգ դրությունը։ «Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ, այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում»,- նշված էր նախարարի հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ բուհերում ևս ուսման վարձերի վճարման խնդիր ունեցող ուսանողներին ցուցաբերվում է անհատական մոտեցում։ «Փաստերի ստուգման հարթակն» այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

Ինչ ավարտ ունեցան պարարտանյութերի և դիզվառելիքի չարաշահման գործընթացները

Իր խոսքում Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև այն թեմային, որի մասով հարուցված քրեական գործով մեղադրյալ է Սերժ Սարգսյանը՝ Մինասյանի կնոջ հայրը։ «Էն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից  սուբսիդիա, փակվեց, որովհետև հայտարարվեց, որ կային չարաշահումներ։ Չարաշահումները անհասկանալի ավարտ ունեցավ, գործընթացը, բայց սուբսիդիաները չվերականգնվեցին»,- մասնավորապես, հայտարարել է Մինասյանը։

Պարարտանյութերի բաշխման գործում հայտնաբերված չարաշահումների մասին հայտարարվել էր դեռ 2018-ի հունիսին։ Հարուցվել էր 51 քրեական գործ, որոնց ընթացքի մասին առանձին տեղեկություններ հաղորդում էր Քննչական կոմիտեն։

Իսկ ինչ վերաբերում է դիզելային վառելիքի չարաշահմանը, ապա նշենք, որ խոշոր չափերի հափշտակության համար նախորդ տարվա դեկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։  Մեղադրանքը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց մատչելի գներով դիզելային վառելիք վաճառելու պետական աջակցության ծրագրի շրջանակում խոշոր չափի հափշտակություններ իրականացնելու գործով է։ Իսկ չարաշահումների չափը շուրջ կես միլիարդ դրամ է։

Ներկայում ընթանում է դատավարական գործընթաց։ Ի դեպ, վերջին մի քանի օրերին դատական նիստերը հետաձգվում են Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունների պատճառով։ 

Նշենք, որ Մինասյանի այն պնդումը, որ նշված գործընթացներից հետո պարարտանյութերի տրամադրման սուբվենցիոն ծրագրերը չեն վերականգնվել, ճիշտ է։ 2019-ի սկզբին, սակայն, Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ այս «տնտեսապես անարդյունավետ» ծրագրերի փոխարեն ներդրվելու են գյուղատնտեսության զարգացման և պետական օժանդակության այլ ծրագրեր։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինչպես նախորդ տեսաուղերձներից շատերի դեպքում, այս անգամ ևս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը դիմել է մանիպուլյացիաների ու իրականությանը չհամապատասխանող պնդումներ արել։

Անի Ավետիսյան

Fip.am