Հրանտ Բագրատյանը՝ երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին

Հրանտ Բագրատյանը՝ երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին
Հրանտ Բագրատյանը՝ երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին

ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր քարոզարշավի ժամանակ առաջարկներ է ներկայացնում Հայաստանում մասսայական աղքատության դեմ պայքարելու համար, գտնում է, որ դրա պատճառներից մեկն էլ ֆինանսավարկային ոլորտում տիրող բացարձակ «լկտիությունն» է: Նա մեղադրում է ներկայիս վարչապետին ամբողջ երկիրը բանկ դարձնելու մեջ:

«Նայեք, այս տարվա տնտեսական աճը զեկուցվել է տնտեսական ակտիվության 7 տոկոս, ՀՆԱ-ի աճը 6 ամիս հետո երեւի կզեկուցեն 5 կամ 5,5 տոկոս: 5,5 տոկոսի 4 տոկոսը ֆինանսներն են: Բերեմ մի օրինակ, թե ինչպես չի կարելի չափազանցել ֆինանսները: Կարելի է կառուցել շենք՝ 1 միլիոն դոլար, ստեղծեցիք 1 միլիոն դոլարի ՀՆԱ, կարելի է կառուցել շենք եւ ապահովագրել այն եւս 1 միլիոնով, էդ դեպքում ստեղծեցիք, կոպիտ ասած, 2 միլիոնի դոլարի ՀՆԱ, բայց արժեք չստեղծեցիք նոր: Կարելի է կառուցել շենք, ապահովագրել եւ վերաապահովագրել, էս դեպքում կստանաք 3 միլիոն դոլարի ՀՆԱ, հենց էս վերջին 2 միլիոն դոլարով է զբաղված գործող կառավարությունը: Բացարձակ բլեֆ է ֆինանսական ոլորտը: 2009թ.-ին, երբ մասսայաբար աղքատացավ ժողովուրդը, տնտեսությունը տվեց 19 տոկոս անկում, բանկերը 53 տոկոսով ավելացրին շահույթը, սա անընդունելի է»,- ասում է նախկին վարչապետը՝ նշելով, որ բանկերը դուրս են գրում ցանկացած վարկ, այնտեղ չկա որեւէ տնտեսական ռիսկ: Իսկ բանկ բացելու պահանջները, ըստ Հրանտ Բագրատյանի, այնքան բարդ են, որ կարող են գործել միայն խոշոր բանկերը, ընդ որում՝ մի քանիսը տվել են արտասահմանցիներին, իսկ մյուսները պատկանում են հենց կառավարության մեջ գտնվող օլիգարխներին:

Պարոն Բագրատյանի մասնագիտական հաշվարկներով՝ մեր երկրում ճիշտ կառավարման ու ցանկության դեպքում հնարավոր էր բարձրացնել թե նվազագույն աշխատավարձը եւ թե կենսաթոշակները: Այս առումով եւս նախկին վարչապետը լուրջ փաստերով անխնա քննադատում է ներկա վարչապետին: «Դուք լսում էիք, չէ՞, հոկտեմբեր-նոյեմբերի պառլամենտը, օրենսդրական նախաձեռնություն առաջ քաշեցի՝ 72 հազար դրամ դարձնել նվազագույն աշխատավարձը, ինձ ասվեց՝ 300 միլիարդ փող է պետք: Ասում եմ՝ լսի, պարոն ֆինանսների նախարար, պարոն վարչապետ, հլը մի հատ ինձ բացատրեք՝ 300 միլիարդ ո՞նց է պետք, դուք ասում եք, որ ձեր միջին աշխատավարձը 120 հազար դրա՞մ է: Ասում են՝ այո, այսինքն՝ ձեր միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան թե նվազագույնը, ասում են՝ այո, մինիստրությունում 120 հազարից պակաս ինչքա՞ն մարդ է ստանում, ասում են՝ շատ քիչ, բա նվազագույնը նրանց է վերաբերում, դուք առանց այն էլ դրանից ավելի եք տալիս, եթե սուտ չեք ասում: Բա ինչի՞ եք վախենում բարձրացնել, ի՞նչ 300 միլիարդ: Հետո պարզվում է, որ ընդհանրապես բյուջետային ոլորտում ամբողջությամբ 86 թե 186 միլիարդ է աշխատավարձը, բա դու մտնում՝ էսպես սուտ ես ասում, դո՞ւրս ես գալիս: Դուք գիտե՞ք թոշակային իմպլանը, ես ասում եմ՝ աշխատանքային թոշակը էս գործակցությամբ ֆիքսենք միջին աշխատավարձի նկատմամբ: Տեսեք, ասում եմ, 96 թվին, երբ նոր-նոր դուրս էինք գալիս ճգնաժամից, 94-ին նոր-նոր սկսեց աշխուժանալ, առաջին տնտեսական աճն եմ ստացել ամբողջ ԱՊՀ-ում, ասում եմ՝ էն ժամանակ եւ թոշակն էր ցածր, եւ աշխատավարձը, ընդունում եմ, բայց գոնե թոշակը կազմում էր աշխատավարձի 36 տոկոսը, հիմա 20 տոկոսն է կազմում: Կարո՞ղ ենք պայմանավորվել 35 տոկոսի վրա: Էդ մոտեցումը չկա, ամեն անգամ տեսնում ենք աղքատացած թոշակառուներ»,- ասում է տնտեսագետը: Կարդալ ավելին