Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է բժիշկների՝ Հայաստան այցից. առաքելության ծախսերը հոգացել են USAID-ն, ԱՄՆ դեսպանատունը և Ֆրանսիայի կառավարությունը

Infocheck.am – Հունիսի 14-ին կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժշկական թիմ։ Օրեր անց՝ հունիսի 23-ին, ժամանեց 10-հոգանոց մասնագետների երկրորդ խումբը։

Այսօր Hraparak.am-ը, հղում անելով ֆրանսիական «France Arménie» ամսագրին, գրել էր, որ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։ Նշվում էր, թե «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ է հրավիրել, նրանց վճարել այդ «օգնության» դիմաց»։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը Նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձանց երբևէ չեն բուժել, և որևէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերքել է մեդիատիրույթում տարածված այս տեղեկատվությունը։ Նրա խոսքերով՝ Ֆրանսիայի կառավարությունը ոչ միայն տեղյակ է ֆրանսիացի բժիշկների՝ Հայաստան այցից, այլև ներգրավված է եղել այդ աշխատանքներում։

«Երբ ժամանեց բժիշկների առաջին խումբը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ միասին դիմավորեցինք նրանց։ Արդեն այնտեղ խոսակցություն տեղի ունեցավ երկրորդ թիմի այցելության մասին։ Ես խոսեցի դեսպան Լաքոտի հետ և խնդրեցի, որպեսզի երկրորդ թիմի ֆինանսավորման հարցում մեզ օգնեն, քանի որ առաջին թիմի այցելությունը լիովին ֆինանսավորում էին USAID և ԱՄՆ-ի դեսպանատունը։ Իմ դիմումից հետո դեսպան Լաքոտը 36-48 ժամվա ընթացքում կապվեց մեզ հետ և ասաց, որ Ֆրանսիայի կառավարությունը ստաձնում է թիմի այցելության ծախսերը»,- նշել է Զարեհ Սինանյանը։

Ինչ վերաբերում է թիմի մասնագիտական ունակություններին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշել է, որ առաջին թիմը ղեկավարում էր պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, որը բնագավառի ամենահարգված մասնագետներից է, երկրորդ թիմի ղեկավարը պրոֆեսոր Լորան Փափազյանն է, որը լավագույն մասնագետն է Ֆրանսիայում։

«Նրանք են հավաքել իրենց թիմերը։ Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ, հետևաբար հոդվածն անհեթեթ է և հիմնած է ստերի վրա»,- հայտնեց Սինանյանը։