Ամենամեծ ախմախությունը հակառակորդի նյութերի հրապարակումն ու տարածումն է. Նիկոլայ Գրիգորյան

ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը գրում է.

«Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ։

Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
Այդպես է ավարտել բնակչությանն ուղղված իր կարճ ուղերձը Տավուշի մարզի քաղպաշտպանության պետը՝ մարզպետ Հայկ Չոբանյանը:

Շարունակելով ու հավաստելով զինվորական և քաղաքացիական հրամանատարության ինքնավստահ հանդարտությունը, որպես ճգնաժամային հաղորդակցության փորձագետ ընդգծեմ, որ նման միջադեպերի և սրացումների ժամանակ առավել կարևորվում է մեր մեդիագրագիտությունը և գիտակցությունը՝ որ յուրաքանչյուր անհարկի խոսք, կասկած, վարկած, մեկի լսած, շատ կարևոր մարդու ասած, ենթադրելի փաստերի հիման վրա վերլուծած կամ ամեն առիթով իր կարծիքը բոլորի վզին մտահոգ ու սրտացավ փաթաթած տեղեկությունները ոչ միայն ճշգրիտ ու հավաստի լինել չեն կարող, այլև խուճապ են առաջացնում:

Եվ մի շատ կարևոր բան. լրատվությունը ռազմական գործողությունների ժամանակ պատերազմի անքակտելի բաղկացուցիչն է, ու պատահական չէ լրատվական պատերազմ բառակապակցությունը: Հակառակորդի հետախուզության համար չափազանց օգտակար են մեր հեռախոսազրույցները, ՍՄՍ-ները, մտահոգ հոդված-վերլուծությունները, իրենց գործողությունների արդյունքների մասին մեր բաց ռեպորտաժ-զեկույցները, տեղերից տրվող կենդանի եթերները՝ լայվերը:

Լայվերը, տեղեկատվական արտահոսքերից բացի, տեղորոշման լավ հնարավորություն են ընձեռում: Ամենամեծ ախմախությունը հակառակորդի պատրաստած նյութերի հրապարակումն է, տարածումը:

Թողեք այդ գործը մասնագետներին»: