Այսուհետև կորոնավիրուսի թեստ կարող են անցնել ոչ թե 38.5, այլ 37.5 ջերմություն ունեցող անձինք․ Փոփոխություն որոշման մեջ

Հեղինակ MediaLab

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված   իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի (2019-ncov) զսպման/վարման միջոցների հավաքածուն (ժամանակավոր) հաստատելու մասին» հրամանում տեղի են ունեցել փոփոխություններ:

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում կարող են անցնել կորոնավիրուսային հիվանդության թեստավորում, մասնավորապես`

  • Նախկինում 38.50 C հաստատված ջերմության փոխարեն` այսուհետ 37.50 C և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:

Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`

  •  «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
  • Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
  • Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
  • Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ,
  • Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ: