Հայկ Սարգսյանը միջոցառման կազմակերպման հետ կապ չունի, եղել է այդ վայրում, չի կրել դիմակ, որի համար կտունգանվի. Մակունց

Հայկ Սարգսյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, և նա ինձ ասել է, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել Սևանա լճի ափին, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ հանգստանում են։ Այդ մասին քիչ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նա ինձ տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ մարդաշատ վայրում դիմակ չկրելով, նա հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը այդ անզգուշության համար։

Իմ տեղեկություններով, Հայկ Սարգսյանը պետք է որ տուգանված լինի՝ անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն», -հայտարարեց Մակունցը։

Հարցին, թե որոշ տեղեկություններով Հայկ Սարգսյանը կապ է ունեցել փարթիի կազմակերպիչների և տվյալ հանգստյան գոտու հետ, արդյոք հնարավոր է մանդատը վայր դնելու հարց քննարկվի, Մակունցն ի պատասխան ասաց, որ ինքը խոսել է Հայկ Սարգսյանի հետ և նա իրեն ասել է, ինքը որևէ կապ չունի այդ հանգստյան գոտու և միջոցառում կազմակերպելու հետ։

«Թեկուզ անզգուշաբար, բայց ինչ-որ պահի նա դիմակ չի կրել, և ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Հայկ Սարգսյանը ևս դիմակ չկրելու համար պատասխանատվության կենթարկվի», -ասաց Մակունցը։