Դավիթ Սանասարյանը ներկայացրել է ՊՎԾ գործունեության շոշափելի արդյունքները՝ մինչև իր լիազորությունների կասեցումը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՊՎԾ ղեկավարի՝ մինչև իմ լիազորությունների կասեցման հերթական և շոշափելի արդյունքները։

Երկար ժամանակ էր, ինչ ՊՎԾ գործունեության արդյունքները տեսանելի չէին հանրությանը։ Խնդիրը հիմնականում կապված էր քննչական մարմինների գերծանրաբեռնվածության հետ։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում քննչական մարմինների կողմից իրավական գնահատական տրվեց ՊՎԾ մի քանի ուսումնասիրություններին, որոնք իրականացվել էին մինչև իմ լիազորությունների կասեցումը, և որոնց մասին տարբեր պատճառներով չխոսվեց։

1) Ոստիկանութան հետ գործարքի կողմ հանդիսացող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա հարուցված քր.գործի նախաքննության արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և այն կազմակերպելու կասկածանքով ՀՔԾ կողմից ձերբակալվեցին 4 անձ (այդ թվում` ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ), ապա խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամ վերականգնվել է ՀՔԾ դեպոզիտային հաշվին:

2) Կրկին ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա քննչական կոմիտեում հարուցված քրեկան գործով Անի խոշորացված համայնքի (Մարալիկ +) ղեկավար Արտակ Գևորգյանը մեղադրվեց, ապա օրերս դատապարտվեց 2 տարի 6 ամսվա ազատազրկման և համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացման: Ըստ դատավճռի՝ Արտակ Գևորգյանը զրկվում է 3 տարի որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3) ՊՎԾ-ն ուսումնասիրություն էր իրականացրել Վաղարշապատ (Էջմիածին) համայնքապետարանում ևս։ Հայտնաբերած խախտումների և առերևույթ հանցագործության հիման վրա ՀՀ քնչական կոմիտեում իրականացված նախաքննությունն այսօր ավարտվել է և համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանին և այլ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

ՊՎԾ աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում լավ աշխատանքի համար ու կոչ անում, որ նույն եռանդով շարունակեն իրենց ծառայությունը։ Անկախ ամենից՝ մենք միասին դեռ շատ անելիքներ ունենք։

Սիրում եմ բոլորիդ