Նպատակ ունեն կասեցնել իմ քաղաքական ակտիվ գործունեությունը․ Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Ազգային անվտանգության նախկին ղեկավար, Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը Ազգային անվանգության ծառայությունից դուրս գալուց հետո հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում։

«Ինձ հրավիրել են ԱԱԾ մի անհեթեթ գործի շրջանակներում, կարգավիճակ չունեմ, հրավիրվել եմ նյութերի նախապատրաստման փուլում եմ հրավիրվել բացատրություն տալու համար։ Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի ԱԱԾ գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն տալուց», -նշեց Վանեցյանը։

Նա ասաց նաև, որ գործը ոչնչի մասին է, շինծու և հետապնդում է քաղաքական նպատակներ։ «Վերջին ութ ամիսների ընացքում իշխանությունները փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը։ Շատ լավ գիտեք, որ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները չեն հաստատվել», -հավելեց Վանեցյանը։

Այդուհանդերձ, նա ասաց, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ․ «2018 -ին վերականգնվել է աշխատանքի մեր նախիկին աշխատակիցներից մեկը, որը ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվելու։ Բայց երևի օրենքը հասկանալու խնդիրներ ունեն։ Եթե օրենքը կարդային, կհասկանային, որ խախտում տեղի չի ունեցել»։