Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ հանցագործությունների խրախուսման հարցը ԵԱՀԿ ՄԽ օրակարգում է

Հեղինակ MediaLab

Վիեննայում, Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում հուլիսի 30-ին ներառվել էր Ադրբեջանի կողմից ատելության հենքով հանցագործությունների խրախուսման վերաբերյալ հարցը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, ներկայացնելով ԵԱՀԿ մասնակից երկրներում և այլուր հայերի և հայկական համայնքների անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները, որոշ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բնականոն աշխատանքի խափանման և վերջիններիս ունեցվածքի միտումնավոր ոչնչացման դեպքերը, նշել է, որ դրանք ադրբեջանցիների որոշ խմբերի կողմից իրագործված էթնիկ պատկանելության հիմքով ատելության հանցագործություններ են՝ ազգությամբ հայերին, հայկական համայնքային կառույցների անդամներին ահաբեկելու և հետապնդելու նպատակով։ 

Այնուհետև դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ադրբեջանցիների այդ խմբերի ագրեսիվ գործողությունները կազմակերպվել և ուղղորդվել են այդ երկրներում Ադրբեջանի դեսպանությունների կողմից։ Ավելին՝ հայկական կողմի ունեցած ապացույցները վկայում են, որ առնվազն մեկ դեպքում այդ գործողությունների կազմակերպմանն աջակցել է նաև Թուրքիայի դեսպանությունը։ 

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում հայերի հանդեպ բռնությունները, լինելով կարծես թե նոր երևույթ, այնուամենայնիվ շարունակությունն են հակահայկական ատելության քարոզչության, որին ադրբեջանական հասարակությունը ենթարկվել է տասնամյակներով։ Այս առումով Հայաստանի Մշտական ներկայացուցիչը նշել է, որ վարվող հայատյացության քաղաքականությունը, ուղղված Ադրբեջանի բնակչության մոտ հայերի հանդեպ ատելություն և անհանդուրժողականություն արմատավորելուն, վարվում է պետական ամենաբարձր մակարդակով։

Դեսպան Պապիկյանը այնուհետև նշել է, որ Հայաստանը մշտապես միջազգային իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը և քարոզչությանը՝ զգուշացնելով որ հայատյացության նման բարձր մակարդակի պարագայում այն հեշտությամբ կարող է տեղափոխվել այլ երկրների տարածք, ինչին և ականատես ենք լինում այսօր. «Մենք համոզված ենք, որ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը, ինչը հավասարազոր է Ադրբեջանի և նրա բռնապետական իշխանությունների վարքագծի հանդեպ թողտվության, էլ ավելի է խրախուսում այդ երկիրը կառավարող ռեժիմին շարունակել հայատյացության քարոզչությունը»։

Իր ելույթում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է տարբեր երկրներում հայերի դեմ ուղղված բռնությունները, որոնք Բաքվի անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորումն են և համահունչ են երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակումների թշնամանք հրահրելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը և հռետորաբանությանը։