Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը

Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը
Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը

«Մեքենան իմ անձնականը չէ, այն ծառայել է և ծառայում է պետությանը»,- այսպես է հակադարձել վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը նրանց, որոնք «ծանր» են տարել նրա ծառայողական շքեղ մեքենա ունենալու փաստը։

Թույլ տվեք ասել՝ ինձ ոչնչացնում է սեփական անձի լյուդովիկոսյան նույնացումը պետության հետ։ Ժամանակին Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեսախցիկների առաջ ասում էր՝ հայրենիքդ որ ասի՝ կյանքդ տուր, պիտի տաս։ Քաղաքակրթության մեջ հայտնի չէ գոնե կես դեպք, երբ հայրենիքը որևէ մեկին թեկուզ թաքուն, թեկուզ երազում, թեկուզ միջնորդավորված մի բան ասի։ Սերժ Սարգսյանն իրեն նույնացրել էր Հայրենիքի հետ։ 

Ինչ-որ մեկը, խիստ կոնկրետ մի ձեռք Մարիամ Փաշինյանին հատկացրել է Ջիփ մակնիշի շքեղ մեքենա, որ սպասարկի վարչապետի դստերը։ Ինչպես պարզվում է, այնպես չէ, որ օրենքով չէ։ Գրողը տանի, իսկ ո՞վ ասաց, որ ես պարտավոր եմ հասկանալ օրենքը։

Ինչո՞ւ է օրենքը այդքան հեշտ գտնում Մարիամ Փաշինյանին Ջիփի տեսքով, իսկ սովորական մարդուն աղետալի դժվարությամբ՝ Սահմանադրության 2-րդ հոդվածի տեսքով, որը Հայաստանը հռչակել է սոցիալական պետություն։ Էդ սոցիալական պետություն դրույթը տեսեք ինչ արագ գտավ Մարիամ Փաշինյանին։ Չկա Սահմանադրության պոզիտիվ էությամբ գոնե մեկ դրույթ, որը դժվար ապրուստի այս երկրում այդքան հեշտությամբ չի տարածվել վարչապետի դստեր վրա։

Ոչ ոք չի ասում՝ մի՛ հեշտացրեք Մարիամ Փաշինյանի կյանքը և մեր երեսով մի՛ տվեք ձեր հրապարակային գործունեությունը, իբր ոչինչ չեք թաքցնում։ Իբր թե Սերժի ժամանակ մախաթը հնարավոր էր պարկում թաքցնել։ Պարգևավճարները հո թաքցրե՞լ էիք։

Դուք կարող եք ասել, որ ժողովուրդն ինքն էլ խնդիր չի տեսնում, որ Մարիամ Փաշինյանի անվտանգությունը առանց Ջիփի հնարավոր չէ ապահովել։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցածրանիստ Ռենոյով է շրջում և առանձնապես չի դժգոհում։ Իսկ նա նույնիսկ հեղափոխության անուն չի տվել, կաթոլիկներին գահ բարձրանալուց առաջ չէր խոստացել, որ իր կյանքը արմատապես նմանվելու է միջին վիճակագրական քրիստոնյայի կենցաղին։ 

Տեղի ունեցածում Մարիամ Փաշինյանը մեղավոր չէ, եթե նույնիսկ Ջիփը նա պահանջել է անձամբ և նույնիսկ մատնացույց է արել, թե որ Ջիփը պետք է սպասարկի իրեն։ Հեղափոխություն անող մի մարդ բղավում էր՝ աղքատությունը ձեր գլխում է։

Հեղափոխությունից հեռու պահեք դեռ նույնիսկ աշխատավարձով չապրող Մարիամ Փաշինյանի այդ ճոխ «պետական» ունեցվածքը։ Տնտեսագիտական ոչ մի հրաշք չի արդարացնում հեղափոխությամբ եկողի (նույնիսկ եթե ժողովուրդն ըմբռնումով և նույնիսկ հավանությամբ է մոտենում դրան) և նրա ընտանիքի աչք ծակող ճոխությունը։

Հեղափոխությամբ եկողն իրեն և իր ընտանիքին պետք է ազատի նույնիսկ հասարակությունից թաքուն լավ ապրելու կանխավարկածից, որովհետև նրան ասել եք, որ աղքատությունն իր գլխում է։ Եվ, հետևաբար, կամ Մարիամը պետք է Ջիփով երթևեկի, կամ աղքատությունը նրա գլխում չէ։

Չի լինում այդպես, ընկերնե՛ր։ Կյանքը դեռ չի կպնում փողոց փակողի համար։ Նրա գլխում է աղքատությունը, թե հարևան պետությունում ապրող Իբրահիմի, միևնույն է՝ չի կպնում։ Վաղը այդ մեքենան պարզապես Ջիփ չի լինելու, վաղը, երբ կպարզվի, որ կյանքը մեր ուզածով չեղավ, այդ մեքենան հրեշ է թվալու մեր աչքին։

Թեպետ ոչ ոք չի ասում՝ դա տարեք, փոխարենը էշ բերեք։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ հուսահատ հայր այս Ջիփի ձեռքբերման լուրը լսելիս տանջվի այն մտքից, թե ինչո՞ւ ինքը չէ վարչապետի դուստրը։ 

Ջիփը հակակարեկցանք է։ Եթե պետությունը զուրկ է կարեկցանքից, որպիսի վերաբերմունքը Սինգապուր ստեղծեց, ինքը գոնե պատասխանատու է իր քաղաքացու արժանապատվության համար։ Իսկ արժանապատվությունն ասում է՝ ախպեր, էդ Ջիփը միայն ընդգծում է, թե ինչքան դժվար է ինձ համար լավացնելը երեխայիս կյանքը։

Արժանապատվությունն ասում է՝ բարո՛վ վայելեք, իսկ մեր հերթը ե՞րբ է գալու։ Որովհետև հեղափոխությունից հետո, մեր Սերժ մերժող ընկեր, մեկ տարի և 9 ամիս է անցել, դու դեռ պետական համակարգ ես ուզում ջարդել։ Դա էլ հերիք չէ, ՍԴ անդամներին ձրիակերի կյանք ես առաջարկում, թեպետ ոտքով ու գլխով են պատասխանատու, որ կյանքը կյանք չդարձավ։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am