«Ժիրայր Սեֆիլյանին հետապնդելը հարված է պետականությանը»․ Հայտարարություն

Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Ազգային-ժողովրդավարական բեւեռի հիմնադիր անդամ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ վարչապետ Փաշինյանի ենթակայությամբ գործող ոստիկանության և քննչական մարմինների միջոցով իրականացվող նոր քրեական հետապնդումը փաստորեն ՀՀ իշխանությունների եւ անձամբ վարչապետ Փաշինյանի պատասխանն է մեկ ամիս առաջ Բեւեռի կողմից նրանց արված համագործակցության գրավոր առաջարկին։

ՀՀ իշխանությունների նման գործելակերպը, հատկապես՝ Ժիրայր Սեֆիլյանի նման ռազմական փորձ եւ հասարակական հեղինակություն ունեցող գործչի նկատմամբ, անպատասխանատու և անընդունելի է մեր երկրի համար սարդարապատյան մարտահրավերներ առաջացնող ներկայիս իրավիճակում, որը դրսևորվում է ներքաղաքական պառակտվածությամբ եւ հակապետական ուժերի թշնամանական ակտիվացմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի սադրիչ գործողություններով տարածաշրջանում ստեղծված լարվածությամբ եւ պատերազմի վերսկսման իրական սպառնալիքով։

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ նոր հալածանքը ոչ միայն անընդունելի վերաբերմունք է ամբողջ Ազգային ժողովրդավարական Բեւեռի՝ նրանում համախմբված քաղաքական ուժերի, գործիչների եւ զանգվածների, նկատմամբ, այլև պետականությանն ուղղված հարված է, որն ունենալու է ծանր հետևանքներ։

Ազգային ժողովրդավարական Բեւեռը ՀՀ իշխանություններից պահանջում է վերջ տալ նման գործելակերպին եւ բոլոր ջանքերն ուղղել սպասվելիք ծանր մարտահրավերներին միասնաբար դիմակայելու նպատակով ազգային ներուժը միավորելուն։