Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի հատուկ նիստում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության. թղթ. կողմ.) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը»,- ասաց Զոհրաբյանը:
Խմբակցության անդամը նշեց, որ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների մեղմացումը հնարավոր կլիներ անել նաև Արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության մասին օրենքում որոշ փոփոխություններով, ինչը հնարավորություն կտար չերկարաձգելու արտակարգ դրությունը: