Մենք անցնում ենք աստվածաշնչյան պատիժների շարքը

Մենք անցնում ենք աստվածաշնչյան պատիժների շարքը
Մենք անցնում ենք աստվածաշնչյան պատիժների շարքը

Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր, Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, գազի գնի թանկացումը, կարկուտից գյուղացիների կրած վնասները, ահագնացող արտագաղթը սոցիալական բունտի նախադրյալներ ստեղծո՞ւմ են:

-Իզուր չէ, որ Հայաստանը հաճախ անվանում են աստվածաշնչյան երկիր, և այն փորձանքները, որոնց միջով անցնում ենք, նույնպես աստվածաշնչյան են` ջրհեղեղ, կարկուտ և այլն: Ես չեմ ուզում չար մարգարե լինել, բայց այս անգամ վատ կանխատեսում ունեմ, որ ամառը մեզ սպասվում է նաև մորեխների ներխուժում, որովհետև ըստ տրամաբանության` մենք անցնում ենք վերջին պատիժների, կամ ինչպես Աստվածաշնչում է ասված՝ յոթ եգիպտական պատիժների շարքը: Սա փորձանք է, բայց ավելի շատ փորձություն է, սա համաշխարհային զարգացումների ֆոնին Հայաստանին ոչ այնքան պատիժ, որքան վերջին նախազգուշացում է, և այս ամենը կատարվում է արտագաղթի ենթատեքստում: Իրավիճակն իսկապես սարսափելի է, բայց սա չի վախեցնում, այլ սթափեցնում է:

-Կարծում եք՝ հասարակությունը սթափվո՞ւմ է: Մենք տեսնում ենք ընդդիմության չգոյություն, իշխանություն, որից հանրությունըորևէ ակնկալիք չունի:

-Մենք չունենք իշխանություն, չունենք նաև ընդդիմություն: Կա արտաքին ուժերին ծառայող ադմինիստրացիա և կա բարձրացող դիմադրության ալիք: Իրադարձություններն իսկապես ոչ միայն խորհրդավոր են, այլ մարտահրավերի հասնող խորհրդանշականություն են ձեռք բերում: Լրացավ Սարդարապատի ճակատամարտի 95-ամյակը, Հայաստան է գալիս արքայազն Չարլզը: 95 տարի առաջ բրիտանական կայսրության գնդապետ Թոմսոնը գծում էր Հայաստանի այսօրվա խայտառակ սահմանները Ջավախքում, Սադախլոյում, անգլիացիները կանգնեցրին Դրաստամատ Կանայանի ընթացքը, որովհետև վրացիները մեզ պատերազմ էին հայտարարում, ինչի մասին շատ քչերը գիտեին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը մի քանի  տարի առաջ ասել էր, որ մենք Վրաստանի հետ երբեք չենք պատերազմել: Ցավոք սրտի, առաջին համաշխարհային պատերազմից քառասուն օր անց Վրաստանը հարձակվել էր Հայաստանի վրա, և այս օրերին մենք նաև դա պետք է հիշենք: Այս ամենը չպետք է դիտել որպես մահապատժի ենթարկվածի՝ մահը որպես վերջին հնարավորություն, թե ինչ մահով ես ուզում մեռնել՝ արտագաղթե՞լ, թե սովից ու թանկացումներից մահանալ: Այս ամենից պետք է մեկ եզրակացություն անել` մեր ազգի դեմ պատերազմ է մղվում, որովհետև մենք չափազանց կարևոր դերակատարություն ունենք և մեր առաքելությունը շատ մեծ է: Երբ մենք մոռանում ենք այդ մասին, մեզ հիշեցնում են, երբեմն ցեղասպանության միջոցով, երբեմն արտագաղթ կազմակերպելով, երբեմն արտաքին, երբեմն ներքին ուժերի միջոցով: Եվ ահա եկել է այն ժամանակը, երբ կույրերն են տեսնում, երբ համրերն են խոսում և մեռածները ոչ միայն քվեարկում են հերթական կեղծված ընտրություններին, այլ հողի տակից վեր են կենում և մեզ ստիպում են կռիվ գնալ: Սա այն է, ինչ մենք ընկերներով անվանում ենք սարդարապատական իրավիճակ, քանի որ հետևում մնում են մեր ընտանիքները: Մենք փրկվելու, պաշտպանվելու և դիմադրություն կազմակերպելու վերջին հնարավորության օրերն ենք ապրում: Հասկանում եմ, որ նախախորհրդարան կոչված շարժումից հետո այլևս խրամատ չի լինելու: Մենք որոշել ենք ոչ միայն կռվել, այլ նաև հաղթել, մենք չենք պարտվելու: Ինքնակազմակերպումը կատարվում է ամեն օր, ով չի տեսնում, դա իր խնդիրն է:

-Ինքնակազմակերպումը կոնկրետ խնդրի շուրջ, երբ այն հստակ ձևակերպված է, ստացվում է, սակայն մյուս բոլոր դեպքերումհասարակության մոտ վստահության քվե ձեռք բերելը շատ դժվար է: Ինչպե՞ս պետք է նվաճեք այդ վստահությունը:

-Մեզ վրա իշխանությունները գազն ավելի թանկ են վաճառել, քան Ռուսաստանի՝ այսօր բարձրացրած գինն է, այսինքն՝ բարձրացրած գինն ավելի ցածր է, քան մինչ այս մեզ էին վաճառում: Այս գնագոյացումը ոչ այնքան Ռուսաստանի, որքան Հայռուսգազարդի գործն է, որտեղ որքան ռուսական, այնքան էլ հայկական շահեր կան: Այնպես որ, Թումանյանի Կացին ախպեր հեքիաթի պատմությունն է՝ գյուղը հավաքվում է և կացինն է այրում, մինչդեռ պետք է կացնահարողին ի մի բերել և նրանից պատասխան պահանջել: Եթե հանդուրժում ենք այս իշխանությունը, ուրեմն պետք է հանդուրժենք այն ամենը, ինչ գալիս է նրա հետ` գաղութացումը, թանկացումը, ստրկացումը: Եթե չենք հանդուրժում, ուրեմն չպետք է հանդուրժենք իշխանությունը: Երիտասարդներն այն անգամ ցույցի դրեցին կարճ և խոսուն կարգախոս` Ազատությունը նվաճում են, նվաճիր քո ազատությունը: Մենք ստացել ենք ազատությունը, անկախությունը 18 թվականին պատահաբար, 91-ին նույնպես, ուրմեն մենք դրան չենք արժանացել, մենք դրա համար պետք է կռվենք և արժանանանք:

նչո՞ւ իրական և մեծ փոփոխությունների հասնելու համար համախմբումը չի ստացվում, իսկ հաջողություններն էլ հատվածական են:

-Ամեն ինչ շատ ավելի պարզ է. այն դեպքերում, որտեղ մենք հաջողություն ենք ունեցել, գործել են առաջնորդող խմբեր, որոնք իրենց վրա վերցրել են վերլուծությունը, գնահատականը, գործողությունների ծրագիրը և իրականացումը: Այս չորս կետերից էր բաղկացած ցանկացած քաղաքացիական կամ քաղաքական գործողություն: Ինչ վերաբերում է Հայաստանի վերջին տարիների` մեկը մեկի հետևից չհաջողված փոփոխություններին, ապա եկեք շիտակ և անկեղծ լինենք. մենք ունենք առնվազն երկու կամ երեք դեպք` 2008, 2011, 2013թթ., երբ իշխանությունն «ընկած» է հրապարակում, իսկ հասարակությունն արել էր այն ամենը, ինչ իրենից ակնկալվում էր: Նա դուրս եկավ իր մի ստվար մասով քվեարկեց անհանդուրժողականությամբ, քաղաքացիական անհնազանդությամբ, և ոչ թե փախչելով: Եվ երբ ամեն ինչ վերջացած էր, վախեցած իշխանավորները մարտի մեկից հետո ավելի շատ Ցռան Վերգո էին հիշեցնում, քան Սասունցի Դավիթ, առաջնորդները հեռացան` թողնելով ժողովրդին մենակ կամ ուղարկելով տուն: Այդպես եղել է 2008-ին, 11-ին, ինչպես նաև մի քանի ամիս առաջ: Ժողովրդին մեղադրողները նրանք են, ովքեր դավաճանում են ժողովրդին, ովքեր թողնում են նրան մենակ, ովքեր լքում են: Եկեք մենք մեզ չխաբենք, մենք մեզնից արել ենք այն ամենը, ինչ խնդրել են, ուրեմն խնդիրը ժողովուրդը չէ, ժողովուրդն ամեն անգամ պատրաստ էր և գնում էր կռիվ իր արժանապատվության, իր ապագայի համար: Կարդալ ավելին