Լեռնանիստում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Լեռնանիստ համայնքում էր, որտեղ կառավարության սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:

Մարզպետի խորհրդականների և Լեռնանիստ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ փոխմարզպետը նախ եղել է շինհրապարակում, որտեղ այս պահին իրականացվում են հողային նախապատրաստման աշխատանքներ:

Շահած ծրագրի արժեքը 21.564 410 դրամ է, որից 60 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 40%-ը՝ համայնքի ներդրումը:

Առնակ Ավետիսյանը կարևորել է պետություն -համայնք փոխկապակցված համագործակցությունը, ինչը թույլ է տալիս մեր համայնքներում կյանքի կոչել տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրեր:

Ասֆալտապատվող ճանապարհահատվածը դիտարկելուց հետո Ա.Ավետիսյանը այցելել է նաև Լեռնանիստի միջնակարգ դպրոց, որտեղ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի կողմից Լեռնանիստի միջնակարգ դպրոցին հատկացված ֆինանսական միջոցների (2 մլն դրամ) հաշվին շատ շուտով կմեկնարկեն 2 սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

Նշենք, որ անցյալ տարի դպրոցի բյուջեի խնայողություններից ավելի քան 4 մլն դրամ է ուղղվել դպրոցի բակում խաղահրապարակ կառուցելու նպատակով:

📌«Խնդիրները շատ են, սակայն մեր դպրոցների, կրթօջախների նկատմամբ հոգատարություն դրսևորելով, միմյանց հետ արդյունավետ փոխգործակցելով, խնդիրներն ըստ առաջնահերթության գույքագրելով՝ այսուհետ ևս քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու մեր ծրագրերը»,- Լեռնանիստ կատարած այցի ավարտին նշել է մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը: