Պարտավոր ենք բոլոր երեխաներին մինչև 6 տարեկանը 100 հազարի կարգի նպաստ տալ, որպեսզի ժողովրդագրության ցուցանիշներն աճեն. Խանումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱրցախիԱԺ նախկին պատգամավոր, ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը

– Պարո՛ն Խանումյան, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի համար ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այս որոշումը ժողովրդագրության աճը խթանելո՞ւ է։ 

– Ցավոք, ժողովրդագրությունը մնում է Հայաստանի խոցելի կողմերից մեկը։ Մենք ունենք ծնելիության մտահոգիչ ցուցիչներ. եթե խորհրդային վերջին տարիներին՝ 1980-ականներին, մինչև 1992 թ․, մենք ունեինք 70 հազար և ավելի երեխայի ծնունդ, որոշ տարիների հասնելով տարեկան 80 հազար ծնունդ ցուցիչին, ապա այսօր այդ թիվը հասել է 34 հազարի, այն դեպքում, երբ Հայաստանի ցուցիչներին պետք է ավելացնել նաև Արցախի ցուցիչները, որ 2500-ի կարգի էին։ 

Հայաստանի տարբեր տարիների կառավարություններ փորձել են ծնելիությունը խթանող ծրագրեր անել, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին մենք ծնելիության անկում ունենք, ինչը նշանակում է, որ կառավարության խրախուսող ծրագրերը բավարար արդյունք չեն տվել։ Եվ չեմ կարծում, որ ծնելիության միանվագ նպաստի ավելացումը էական ազդեցություն կարող է ունենալ այս ցուցիչների վրա։

– Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առաջարկում է մշտական պետական նպաստ տրամադրել երրորդ և հաջորդ նոր ծնված երեխային մինչև 6 տարեկան՝ ամսական 50 հազար դրամ։ Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, որ ընտանիքները շահագրգիռ լինեն երեք ու ավելի երեխա ունենալ։

– Ես կարծում եմ, որ մինչև 6 տարեկան երեխայի նպաստ պետք է հատկացվի բոլորին, ոչ միայն երրորդ և հաջորդ նոր ծնված երեխաներին, այլև առաջին երեխայից սկսած։ Ընդ որում՝ այդ գումարը պետք է կրկնակի շատ լինի, քան հիմա առաջարկվում է երրորդ և հաջորդ ծնված երեխաների համար։ Այսօր երիտասարդները բավականին ուշ են ամուսնանում ոչ միայն Երևանի նման մեծ քաղաքում, այլ նաև մարզերում։ Տարբեր տարիների որոշ մարզերում մենք նաև բնակչության թվաքանակի նվազում ունենք։ 

Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդները խուսափում են ամուսնանալուց կայուն եկամտի բացակայության պատճառով։ Այսօր խնդիրները շատացել են, և շատ են արհեստական կերով մեծացող նորածինները։ Սա լրացուցիչ սոցիալական բեռ է ընտանիքի համար։ Մեկ նորածնի արհեստական կերի, տակդիրի և այլ կարիքների ամսական արժեքը շուրջ 100 հազար դրամ է, ինչը մեծ գումար է հատկապես մարզերի քիչ եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Ուստի ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք բոլոր երեխաներին՝ լինի ընտանիքի առաջնեկը, երկրորդ կամ հաջորդ ծնվածները, 100 հազարի կարգի նպաստ տալ մինչև 6 տարեկանը, ինչը հնարավորություն կտա մի քանի տարուց հասնել խորհրդային վերջին տասնամյակում եղած ցուցանիշներին։ 

Մենք՝ որպես հասարակություն, սկսել ենք ծերանալ և նվազել, հետևաբար հարկավոր է հիմա մեծ ներդրումներ անել՝ ապագայում երիտասարդ բնակչություն ունենալու համար, որը կարևոր նախապայման է տնտեսական աճի, սոցիալական բեռի նվազեցման և անվտանգության համար։

– Ընդհանրապես ժողովրդագրական պատկերում դրական փոփոխություն մտցնելու համար Կառավարության այս ջանքերն արդյունավետ կլինե՞ն, պարո՛ն Խանումյան:

– Ժողովրդագրության ոլորտում դրական տեղաշարժեր ունենալու համար անհրաժեշտ են համարձակ, մեծածավալ ծրագրեր, ոչ թե նախարարության առաջարկած կիսատ-պռատ ծրագրերը։ Դա առաջին հերթին մինչև 6 տարեկան բոլոր երեխաներին 100 հազար դրամ նպաստի հատկացումն է, որը բացի ընտանիքներին օգնելուց՝ նաև զգալի տնտեսական ակտիվություն կառաջացնի, զգալիորեն կնվազեցնի աղքատությունը, քանզի աղքատ ընտանիքների մեծ մասը մանկահասակ երեխաներ ունեցողներն են, ընտանիքի հորն ու մորը կտա սոցիալական բարձիկ, ինչը կարևոր ազդակ կլինի աշխատանք գտնելու կամ աշխատանք ստեղծելու նրանց վարքագծի համար։ 

Ժողովրդագրության բարելավման համար միայն նպաստը բավարար չէ, այլ միջոցառումներ էլ են հարկավոր, սակայն սկզբնական փուլում, ինչպես հուշում են Իսրայելի և Հունգարիայի օրինակները, նպաստները կարող են մեծ ազդեցություն ունենալ ժողովրդագրական ցուցիչների կտրուկ աճի համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am