Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կնախատեսվի ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատելու իրավունք

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այդ մասին հայտնում են ԱԺ կայքից։

Սրբուհի Գրիգորյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքն առավել խնդրահարույց է դառնում, երբ ծնողներն աշխատում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ընդհանուր աշխատաժամանակի ռեժիմով: ՀՀ-ում հաշվառված է 8812 հաշմանդամություն ունեցող  երեխա, նրանց ծնողներից 1700-ը գրանցված աշխատողներ են:

Ըստ զեկուցողի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ենթադրում է ոչ միայն նյութական միջոցների ներդրում, այլ նաեւ ժամանակի հատկացում, ինչը ծնողների հագեցած գրաֆիկով աշխատելու դեպքում դժվար իրագործելի է: Հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողների՝ աշխատավայրից բացակայելու հարցը ներկայիս իրավակարգավորումների պարագայում ամբողջությամբ գտնվում է գործատուի հայեցողության տիրույթում, եւ առկա է հարցի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն:

Առաջարկվում է համապատասխան լրացում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) համար նախատեսվում է ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա ռեժիմով աշխատելու իրավունք: Գործադիրը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն: