Տեսչական մարմինը եռապատկել է վերահսկողական աշխատանքները՝ գերբեռնված տրանսպորտով փոխադրումները բացառելու նպատակով

 Գերբեռնվածության խնդիրը կարգավորելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության վարչությունը եռապատկվել է վերահսկողական աշխատանքների ծավալները, որի արդյունքում արդեն ձևավորված մեկ տասնյակից ավելի մասնագիտական կարգախմբերը ողջ օրվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Հատկապես վերջին մի քանի օրերին, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ  ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ շրջիկ խմբերով և կանգառի կետերում օգոստոսի 27-ին,շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։  Ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը:

Օգոստոսի 27-ի դիտարկման արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ մեկտեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

Այդ մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։